Apple-ը դատի է տվել ՌԴ հակամենաշնորհային ծառայությանը՝ վիճարկելով շուրջ 12 միլիոն դոլար տուգանքը
Ամերիկյան Apple ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության՝ վիճարկելով շուրջ 12 միլիոն դոլար տուգանքը:
Ինչպես նշվում է Մոսկվայի արբիտրաժային դատարանի հաղորդագրությունում, հայցադիմումն ընդունվել է մայիսի 7-ին: Գործով նախնական դատական նիստը նշանակված է հունիսի 21-ին:
Ապրիլի 27-ին ռուսական ծառայությունը Apple-ի նկատմամբ շրջանառության տուգանք էր կիրառել շուրջ 12 մլն դոլարի չափով՝ շուկայում գերակայությունը չարաշահելու համար:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, տուգանքի պատճառը «Կասպերսկի լաբորատորիա» կորպորացիայի բողոքն էր: Ընկերության պնդմամբ՝ Apple-ն անհիմն կերպով սահմանափակել է ծնողական վերահսկողության իր ծրագրի՝ Kaspersky Safe Kids նոր տարբերակի ֆունկցիոնալությունը: Միևնույն ժամանակ, Apple-ը շուկա է ներկայացրել «Էկրանի ժամանակ» (screen time) սեփական ծրագիրը, որը գործառույթներով շատ նման է Kaspersky Safe Kids-ին: