Parisien. Ֆրանսիայում ոստիկաննների վրա հարձակումների նոր շարք է գրանցվել
Կիրակի երեկոյից Ֆրանսիայի մայրաքաղաքային շրջանում իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակման մի քանի դեպքեր են գրանցվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Le Parisien-ին:
Մյուրո կոմունայում (Իլե-դե-Ֆրանս շրջանի Իվելինի դեպարտամենտ) ոստիկանության մայորը դեմքի վնասվածք էր ստացել անհայտ անձանց խմբի հարձակման հետեւանքով, որոնք քարեր ու շշեր էին նետել նրա մեքենայի վրա: Միեւնույն ժամանակ, հարձակվողները, դատելով զեկույցից, հազիվ տաս տարեկան են եղել: Նույն դեպարտամենտում մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել Պուասի կոմունայում, որտեղ փետրվարին անհայտ անձինք «Մոլոտովի կոկտեյլներ» էին նետել կեղծ զանգով ժամանած պարեկային մեքենայի վրա: Այս անգամ իրավապահ մարմինների մի քանի աշխատակիցներ հարձակման էին ենթարկվել հենց քաղաքի կենտրոնում, երբ եկել էին կենցաղային վեճը կարգավորելու համար:
Երրորդ դեպքը տեղի էր ունեցել Էլանկուր կոմունայում, որտեղ կեսգիշերին անհայտ անձինք, տեղակայվելով բազմաբնակարան շենքի տանիքում, պայթուցիկներ էին նետել ոստիկանական մեքենայի վրա: Նույն քաղաքում պիրոտեխնիկայով հարձակման էր ենթարկվել ոստիկանության ջոկատը, որը պահպանում էր քաղաքի կենտրոն կանչված հրշեջներին:
Միեւնույն ժամանակ, BFM հեռուստաալիքը հաղորդել է, որ Լիոնում (կենտրոնական Ֆրանսիա) հետաքննություն է սկսվել ոստիկանությանը սպառնացող գրությունների պատճառով: Անհայտ անձինք պատի վրա ներկով գրել էին, որ Ավինյոնում ոստիկանի սպանությունից հետո հաջորդ թիրախը կլինի Լիոնի VIII թաղամասի ոստիկանական հատուկ բրիգադը:
Մայիսի 5-ին Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը հայտարարել էր, որ երկրի հարավ-արեւելքում թմրավաճառներին ձերբակալելու գործողության ժամանակ 40-ամյա ոստիկան է սպանվել: Երիտասարդներից մեկը, ում պարեկը բռնել էր թմրանյութեր վաճառելիս, ատրճանակով մի քանի անգամ կրակել էր իրավապահի վրա: Ոստիկանները պատասխան կրակ էին բացել, բայց հանցագործին հաջողվել էր փախչել նրանցից: Երկուշաբթի օրը Ֆրանսիայի ՆԳ նախարարը հայտնել էր կասկածյալների ձերբակալության մասին, ովքեր իբր փորձել էին հատել Իսպանիայի հետ սահմանը, նրանց թվում էր եղել ոստիկանի սպանության մեջ կասկածվողը: