ՄԻՊ-ը լրագրող Նանե Արզումանյանին սպառնալու կապակցությամբ գրություն կուղարկի Ոստիկանություն
Լրագրող Նանե Արզումանյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին եւ տեղեկացրել, որ իր մասնագիտական գործունեության կապակցությամբ ստացել է անձնական բնույթի սպառնալիքներ սոցիալական ցանցի կեղծ ու իրական մի շարք օգտատերերից։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։
Նանե Արզումանյանի դիմումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ, ապա նաեւ աշխատակազմը կապվել է նրա հետ։
Լրագրողը մանրամասներ է փոխանցել այն մասին, որ մայիսի 9-ին Եռաբլուրում նկարահանած եւ հրապարակած տեսանյութի առնչությամբ իրեն թիրախավորել են սոցիալական ցանցերի կեղծ եւ իրական օգտատերեր, նրանցից ստացել է անձնական բնույթի սպառնալիքներ, վիրավորանքներ, արժանապատվությունը նվաստացնող նամակներ։ Նա նշել է, որ թիրախավորվել են նաեւ ընտանիքի անդամները՝ շահարկման առարկա դարձնելով պատերազմում զոհված իր եղբորը։
Ըստ Ն. Արզումանյանի՝ խոսքը վերաբերում է նաեւ հրապարակված տեսանյութում երեւացող զոհված զինծառայողի մորը թիրախավորելուն: Այդ նամակները Նանե Արզումանյանը կուղարկի նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:
Լրագրողը նշել է, որ վաղն առավոտյան դիմելու է Ոստիկանություն եւ խնդրել է Պաշտպանին հետեւել իրավապահ մարմինների աշխատանքին։
Հաշվի առնելով, որ, ինչպես դիմումում նշել է լրագրողը, հարցն առնչվում է մասնագիտական գործունեության կապակցությամբ իրեն թիրախավորելուն` Մարդու իրավունքների պաշտպանը գրություն կուղարկի Ոստիկանություն` ուշադրության ներքո պահելու համար գործի ընթացքը։