The Wall Street Journal-ը հայտնել է` իրականում երբվանից է Բիլ Գեյթսի կինը նախապատրաստվել ամուսնալուծության
Մելինդա Գեյթսը սկսել է նախապատրաստվել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսից բաժանվելուն գրեթե երկու տարի առաջ, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների խոսքերը և մի շարք փաստաթղթեր:
Նրանց խոսքով՝ տիկին Գեյթսը 2019 թվականից քննարկում է ամուսնալուծության հարցը փաստաբանների հետ՝ միանգամից աշխատելով մի քանի փաստաբանական գրասենյակի հետ: Ըստ թերթի, զույգը չի նշել ամուսնալուծության պատճառը, բայց աղբյուրները հայտնում են, որ տիկին Գեյթսը մտահոգված է եղել ամուսնու՝ հանգուցյալ բանկիր Ջեֆրի Էփշտեյնի հետ շփումներով, որը մեղադրվում էր անչափահասների՝ սեռական շահագործման նպատակով վաճառքի համար:
Տիկին Գեյթսը բազմիցս զանգահարել է խորհրդատուներին մասնավորապես 2019 թվականի հոկտեմբերին այն բանից հետո, երբ Գեյթսի՝ Էփշտեյնի հետ հանդիպումների մասին հաղորդագրությունները հայտնվել էին ԶԼՄ-ներում: Ինչպես նշում է թերթը, Գեյթսի խոսնակը դեռ 2019-ին ասել էր, որ Microsoft-ի հիմնադիրը Էփշտեյնի հետ քննարկել է բարեգործության մասին հարցեր, բայց նա զղջում է այս հանդիպումների համար և դրանք սխալ է համարում:
Թերթը նշում է, որ Բիլ և Մելինդա Գեյթսերի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել ամուսնալուծության պատճառները:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Բիլ Գեյթսը և նրա կինը հայտարարել էին ամուսնալուծվելու մասին: Գեյթսերն ասել էին, որ 27 տարվա ամուսնության ընթացքում նրանք դաստիարակել են երեք հիանալի երեխաների և ստեղծել բարեգործական հիմնադրամ, որը գործում է ամբողջ աշխարհում:
Նշենք՝ զույգը ծանոթացել է 1987 թվականին, երբ Մելինդան միացել էր Microsoft- ին: Նրանք ամուսնացել են 1994 թվականին Հավայան կղզիներում: Գեյթսը հինգ ամենահարուստ գործարարներից մեկն է, նրա ընտանիքի կարողությունը գնահատվում է շուրջ 130 միլիարդ դոլար: