Սողոմոնյան կղզիներում բարեգործական միջոցառման ժամանակ Երկրորդ աշխարհամարտից մնացած ռումբ է պայթել. կա 1 զոհ
Սողոմոնյան կղզիներում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած ռումբ է պայթել բարեգործական ակցիայի ժամանակ, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս երեքը` վիրավորվել:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով կղզային պետության ոստիկանությանը, միջադեպը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Հոնիարայի ափերի մոտ: Բարեգործական նախագծի շրջանակում գումար հավաքելուն ուղղված միջոցառման մասնակիցները խարույկ են վառել օվկիանոսի ափին, որպեսզի հյուրերի համար ուտելիք պատրաստեն:
Խարույկի տեղում գետնի տակ Երկրորդ աշխարհամարտից մնացած ավիառումբ է գտնվել, որը տաքանալով պայթել է:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ պայթյունի հետևանքով երկու կին և երկու տղամարդ է տուժել, որոնցից մեկը տեղում մահացել է:
Մասնագետները պարզել են, որ զինամթերքն ԱՄՆ բանակին պատկանած 105 միլիմետրանոց ֆուգասային արկ է եղել: