Մեկ օրում Իտալիայի Լամպեդուզա կղզի է ժամանել ավելի քան 1000 ներգաղթյալ` տարեսկզբից ժամանած ներգաղթյալների թիվը հասցնելով 11 000-ի (տեսանյութ)
Երեկ իտալական Լամպեդուզա կղզի է ժամանել ավելի քան 1000 ներգաղթյալ, հայտնում է BBC լրատվականը՝ հղում տալով տեղական լրատվամիջոցներին։
Իտալական Ansa լրատվական գործակալությունը հայտնել է, որ միայն մեկ նավով կղզի է տեղափոխվել 400 ներգաղթյալ, այդ թվում` կանայք և երեխաներ։ Կղզու քաղաքապետ Տոտո Մարտելլոն ասել է, որ ներգաղթյալների աճը կապված է եղանակային բարենպաստ պայմանների հետ։
Լամպեդուզան ժամանման հիմնական նավահանգիստներից մեկն է այն ներգաղթյալների համար, որոնք ցանկանում են հասնել Եվրոպա:
Տարեսկզբից կղզի է ժամանել շուրջ 11 հազար ներգաղթյալ, ինչը շատ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4105-ի համեմատ։
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Մատեո Սալվինին հանդիպում է խնդրել Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ՝ նշելով, որ միլիոնավոր իտալացիների համար դժվար այս ժամանակահատվածում երկրի իշխանությունները չեն կարող մտածել հազարավոր անօրինական ներգաղթյալների մասին։
Հավելենք, որ քաղաքական գործչի առնչությամբ դատական գործն այս պահին ընթացքի մեջ է, որի համաձայն` Սալվինին մեղադրվում է 2019 թվականին 100 անօրինական ներգաղթյալ տեղափոխող նավի մուտքն արգելափակելու համար և հնարավոր է դատապարտվի 15 տարվա ազատազրկման։