Անընդհատ վերադառնում եմ 2018 թվական և փորձում այն ժամանակվանից դասավորել ամեն ինչ նորից․ չէի ասի, թե ամեն ինչ ճշգրիտ նույնությամբ կկրկնեի․ Նիկոլ Փաշինյան
Մեր ամենամեծ խնդիրը, իհարկե, 44-օրյա պատերազմն է, և այն զարգացումները, որ տեղի են ունեցել Ղարաբաղի հարցի շուրջ։ Այս մասին ԱԺ հատուկ նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե Փաշինյանը ո՞րն է համարում վերջին 3 տարիների կառավարման իր ամենամեծ ձեռքբերումը, և որը՝ ամենամեծ ձախողումը։
«Հատկապես 44-օրյա պատերազմից հետո անընդհատ վերադառնում եմ 2018 թվական և փորձում եմ այն ժամանակվանից դասավորել ամեն ինչ նորից։ Ես չէի ասի, թե ամեն ինչ ճշգրիտ նույնությամբ կկրկնեի, բայց, մեծ հաշվով, Ղարաբաղի հարցում գործընթացը և պրոցեսները, որ տեղի են ունեցել, իմ կարծիքով, 2018-ի ապրիլի դրությամբ մենք անդառնալիության, անշրջելիության կետն անցել էինք արդեն, միանշանակ»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է ամենամեծ ձեռքբերմանը, Փաշինյանը նշեց․ «Այն, որ ՀՀ քաղաքացին համարում է, որ ինքն է տերը մեր երկրի, և դա, ի վերջո, այն նպատակն էր, որի համար արվել է 2018-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը, և այդ նպատակն իրագործված է»։
Պատգամավորի հաջորդ հարցին, թե, ի վերջո, Թուրքիան մեր թշնամի՞ն է, հարևա՞նը, թե՞ բարեկամը, Փաշինյանն արձագանքեց․
«Թուրքիան մեր թշնամին է, որը նաև մեր հարևանն է։ Սովորաբար թշնամիները հարևաններն են լինում, դժվար կլիներ պատկերացնել, որ հասարակածից ներքև գտնվող որևէ պետություն այսօր համարվեր մեր թշնամին։ Այսօր իրենց տարածաշրջանից դուրս թշնամի ունեն միայն գերտերությունները։ Մենք ասում են՝ եկել է ժամանակն արձանագրելու, որ այդ թշնամանքը պետք է կառավարվի, որովհետև երբ այդ թշնամանքը եռում է, եռում է, եռում է, «իքս» պահի բերում է պայթյունի»,-ասաց նա։