Նոյեմբերի 10-ին և դրան հաջորդած երկու օրերին տեղի ունեցածը չփորձեք ներկայացնել որպես ժողովրդական ցասում. Հ. Դանիելյանը՝ «Հայաստան» դաշինքի հանրահավաքում հնչած հայտարարությունների մասին (տեսանյութ)
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, որն անցած շաբաթ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ԱԺ-ի կողմից, ցավոք, չի նախատեսում որևէ կանոնի փոփոխություն հունիսի 20-ի ընտրությունների համար: Մենք սպասեցինք այն հույսով, որ մինչ այդ հստակ կլինի դիրքորոշումը հանրապետության նախագահի հետ՝ կապված օրենսդրական փաթեթի հետ, որպեսզի այնտեղ ունենանք այնպիսի բովանդակություն, որի ստորագրումը կարճ ժամանակահատվածում լիներ: Սա միակ հնարավորությունն էր, որ այդ խաղի կանոնները ուժի մեջ մտնեին հունիսի 20-ի համար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ խոսելով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին, որոնք ընդունվեցին, սակայն ազդեցություն չեն ունենա սպասվող արտահերթ ընտրությունների վրա:
«Ցավոք, դա տեղի չունեցավ: Մենք առանձնացրել էինք ամենակարևոր բաղադրիչը, որը ռեյտինգայինը վերացնելու և համամասնականն ընդունելու կետն էր, սա հանրային լայն աջակցություն և հասարակական պահանջ ուներ»,-ասաց նա և հավելեց, որ եթե այս փոփոխությունները փորձեին կիրառել արտահերթ ընտրությունների ժամանակ, ապա իրավիճակն անկանխատեսելի կլիներ:
Խոսելով կոալիցիայի կազմման մասին՝ պատգամավորը նշեց, որ գործող Ընտրական օրենսգրքի նորմը գործելու է հունիսի 20-ի համար, այս փաթեթում ավելի ազատականացված է կոալիցիաների կազմման կարգավորումը: «Գործող նորմը նախատեսում է վեց օր կոալիցիա կազմելու համար, բայց եթե լինի այն սցենարը, որ որևէ ուժ խորհրդարանում չունենա տեղերի առնվազն 54 տոկոսը և եթե հնարավոր չլինի երեք ուժերի միջև կոալիցիա կազմել, ապա Հայաստանում տեղի կունենան ընտրությունների երկրորդ փուլ»,- ասաց Դանիելյանը:
Խոսելով երեկ Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի մասին և հարցին՝ երեկ այնտեղ հավաքված մարդիկ ժողովո՞ւրդ էին և արդյո՞ք նրանք իրավունք ունեն պահանջելու, որպեսզի իշխանությունը փոխվի, Դանիելյանն արձագանքեց՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, որը շարժվում է օրենքով, բնականաբար, ունի իր քաղաքական նախապատվությունը և այդ նախապատվությունները պետք է արտահայտվեն օրենքով սահմանված կարգով:
«Բայց, երբ նկարագրում էին նոյեմբերի 10-ին տեղի ունեցածը, ասեմ, որ նոյեմբերի 10-ին և դրան հաջորդած երկու օրերին տեղի ունեցածը չփորձեք ներկայացնել որպես ժողովրդական ցասում: Այդ մարդկանց մեջ եղել են նաև կազմակերպված, կիսազինված և քաղաքականապես մոտիվացված խմբեր և դա ոչ մեկը չի կարող հերքել»,-ընդգծեց Դանիելյանը: