«Հաղթանակը դաս տվեց, որ միասնաբար կարող ենք լուծել ցանկացած առաջադրանք». Հայաստանում ՌԴ դեսպան (տեսանյութ)
ԱՊՀ երկրների դեսպաններն իրենց ռուս գործընկերոջ Սերգեյ Կոպիրկինի հետ միասին այսօր ծաղիկներ խոնարհեցին Խորհրդային զինվորի հուշարձանի մոտ:
Երևանի քաղաքային պանթեոնում հանգչում է 520 խորհրդային զինվոր: Հայրենական Մեծ պատերազմում վիրավորում ստանալուց հետո նրանցից շատերը կյանքի վերջին օրերն անցկացրել են Հայաստանի հիվանդանոցներում: Մեծ մասը ռուս, վրացի, ուկրաինացի մարտիկներն են, որոնք ընկել են հանուն հայրենիքի փրկության:
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ հաղթանակը դաս տվեց` միասնաբար գործելու դեպքում հնարավոր է լուծել ցանկացած առաջադրանք. «Ուզում եմ մեզ բոլորիս շնորհավորել այս տոնի առթիվ, բայց նախևառաջ մեր վետերաններին: Ցավոք, նրանք օր-օրի մեզ լքում են, բայց նրանք մեզ պետք են շատ, քանի որ կենդանի օրինակն են ամուր կամքի, հայրենիքին և բարձր, հոգևոր արժեքներին ծառայելու նվիրական ոգու»,- ընդգծեց Կոպիրկինը:
Ավելի քան 600 հազար հայ է մասնակցել Մեծ Հայրենականին, կեսը տուն չի վերադարձել։ Կոպիրկինը, անդրադառնալով Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցին՝ նշեց, որ այն մնում է պաշտոնական Մոսկվայի օրակարգում:
Մանրամասները՝ տեսանյութում: