ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը միգուցե հիվանդացել է, բայց չի մահացել, վաղ թե ուշ այդ խումբն սկսելու է աշխատել․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Շուշին այսօր պատանդ է, գրավված է, բայց եռատոնը եռատոն է, մեր հերոսները կռվել, ազատագրել են Շուշին, դա նշանակում է, որ էլի կարող ենք ազատագրել, որ մենք հերոսական ազգ ենք։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Հայաստանը 10 մլն հայերի Հայաստան պետք է դառնա, 10-միլիոնանոց ազգ ունի մի Հայաստանի Հանրապետություն, որտեղ 2-3 մլն մարդ է ապրում, պետք է ամեն ինչ անենք, այս երկիրը ոտքի հանենք, որովհետև Շուշին ազատագրել ենք, էլի ենք ազատագրելու, բայց մինչև մեր «տնային աշխատանքը» չանենք, այն հաղթանակները, որ ունեցել ենք, չկապիտալիզացնենք որպես ուժեղ պետություն, չենք կարող նոր հաղթանակների գնալ։ Եթե ուժեղ պետություն կառուցենք, կազատագրենք Շուշին, բայց ինձ համար անընդունելի է դա ասել որպես նախընտրական կարգախոս։ Երբեք չի կարելի ժողովրդին սին հույսեր տալ։ Շուշին երբ կազատագրվի, կախված է նրանից, թե մենք որքանով ենք խելքներս գլուխներս հավաքելու մեզ հետ տեղի ունեցած արհավիրքից»,-ասաց պատգամավորը։
ԼՀԿ ղեկավարը տեսակետ հայտնեց, որ պետք է վերականգնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խումբը, որովհետև Արցախի կարգավիճակի հարցի առնչությամբ նոյեմբերի 10-ի փաստաթղթում ոչինչ չկա։ «Վաղ թե ուշ այդ խումբն սկսելու է աշխատել, ձևաչափը միգուցե հիվանդացել է, բայց չի մահացել, այդ ձևաչափին այլընտրանք ձևաչափ չի ստեղծվել և չկա»,-ասաց նա՝ նշելով, թե նոյեմբերի 9-ի հայտարարության մի մասն իրացված չէ։
Ըստ Մարուքյանի՝ մի բան ակնհայտ է՝ թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ ՀՀ-ն ի զորու չէ միայնակ կռիվ տալ, դրա համար պետք է արտաքին քաղաքականությունն ուժեղացնել։
Դիտարկմանը, թե ՄԻՊ-ը խոսում է Սյունիքում անվտանգության գոտու անհրաժեշտության մասին, սակայն թիրախավորվում է, Մարուքյանն արձագանքեց, թե թիրախավորվում են բոլոր նրանք, որոնք ինչ-որ բան են ասում, որը դուր չի գալիս իշխանությանը։
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ Մարուքյանն ասաց, թե «Լուսավոր Հայաստանը» ԱԺ-ում հաստատ կլինի և ավելի շատ ներկայացված կլինի, քան հիմա։
Մանրամասները՝ տեսանյութում։