Ուկրաինայի իրավապահները Չեռնոբիլում արտադրված 1500 շիշ օղի են առգրավել
Ուկրաինայի իշխանությունները առգրավվել են Չեռնոբիլի ատոմակայանի օտարված գոտու մոտակայքում աճած խնձորից պատրաստված «անօրինական օղու» առաջին խմբաքանակները եւ փոխանցել դրանք Կիեւի դատախազությանը: Այս մասին հայտարարել է ալկոհոլ արտադրող Chernobyl Spirit ընկերությունը, գրում է ВВС-ի ռուսական ծառայությունը։
Արտասովոր օղու ստեղծողներն իրենց «սոցիալական ձեռնարկություն» են անվանում եւ պնդում են, որ Atomik-ը 1986թ. ատոմակայանի վթարից հետո ռադիոակտիվ աղտոտման ենթարկված տարածքից առաջին սպառողական արտադրանքն է:
Խմբաքանակը առգրավել են Կարպատներում սպիրտի գործարանի բեռնատարից: Ընկերությունը նշել է, որ իրենք «գաղափար չունեն» Մեծ Բրիտանիա ուղեւորվող ապրանքի առգրավման պատճառների մասին: Այժմ նրանք սպասում են ուկրաինական հատուկ ծառայությունների հետաքննության արդյունքներին:
Պորտսմութի համալսարանի պրոֆեսոր Ջիմ Սմիթը, ով ուկրաինացի գործընկերների հետ միասին հիմնել է Chernobyl Spirit Company-ն, տարիներ է ծախսել Չեռնոբիլի ատոմակայանի եւ հարակից տարածքների 4000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով օտարման գոտին ուսումնասիրելու համար: Օտարման գոտին կայանում տեղի ունեցած վթարից հետո մեծապես աղտոտվել էր ռադիոնուկլիդներով եւ մինչ այժմ համարվում է ռադիոակտիվ:
Հետազոտության շրջանակներում էնտուզիաստ գիտնականների խումբը օտարման գոտում սկսել է տարեկան եւ այլ մշակաբույսեր աճեցնել, որպեսզի պարզի, թե որքանով են դրանք անվտանգ սպառման համար: Ալկոհոլի ստեղծման պատճառ է հանդիսացել նաեւ գիտնականների ցանկությունը՝ ցույց տալու, որ օտարման գոտու հարակից տարածքը կարող է կրկին շահավետ օգտագործվել:
Հետազոտողները կարծում են, որ դա կօգնի տեղացի ֆերմերներին աճեցնել եւ վաճառել իրենց արտադրանքը: Այժմ դա անօրինական է, եւ օտարման գոտում գտնվող հողերը պաշտոնապես համարվում են աղտոտված: Սակայն Ջիմ Սմիթը նշում է, որ այս օղու մեջ ճառագայթումն ավելի շատ չէ, քան ցանկացած այլ օղու մեջ:
Սմիթը եւ նրա գործընկերները մի փոքր փոխել են բաղադրատոմսը՝ արդյունքում ստացվել է խնձորի հիմքով սպիրտային խմիչք: Խնձորենիներն աճում են օտարման գոտուն հարակից Նարոդիչի գյուղում: Ընկերությունը խոստանում է ամբողջ հասույթի 75%-ը հատկացնել այս գոտում գտնվող մարդկանց, ովքեր դեռ տուժում են Չեռնոբիլի վթարի տնտեսական հետեւանքներից: