Տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը պետք է փոխշահավետ լինի, դրա հետ կապված որոշումներն էլ պետք է կայացվեն կամավոր հիմունքներով․ ռուսաստանցի վերլուծաբանը՝ Լավրովի Երևան այցի մասին
Մոսկվայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Կոնստանտին Տասիցի խոքով՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովի Երևան այցի հիմնական նպատակն էր առանցքային հարցերի «ժամանակացույցը որոշելը», ինչպես նաև՝ Հայաստանին ուղղված աջակցության ձևերի քննարկումը:
Նա Tert.am-ի հետ զրույցում նկատել է՝ Հայաստանի Հանրապետությունը 2020-ին կրեց կրկնակի ցնցում՝ մի կողմից կորոնավիրուսային համաճարակով և դրան հետևող տնտեսական հետևանքներով, մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունում պարտությամբ պայմանավորված:
«Այդ պատճառով քննարկվել են տնտեսական համագործակցության և առևտրի վերականգնման, ռուսական պատվաստանյութերի մատակարարման, տարածաշրջանային քաղաքական և հումանիտար խնդիրների, ռազմատեխնիկական համագործակցության և այլ հարցեր»,- նշեց նա։
Անդրադառնալով ՌԴ գլխավոր դիվանագետի հայտարարութուններին, որոնք վերաբերում էին նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կետերին, մասնավորապես՝ կոմոնիկացիաների ապաշրջափակմանը՝ ռուսաստանցի վերլուծաբանը նկատեց՝ Լավովը շեշտել է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը պետք է փոխշահավետ լինի, դրա հետ կապված որոշումներն էլ պետք է կայացվեն կամավոր հիմունքներով։
«Այդ նպատակով ստեղծվել է հատուկ եռակողմ ձևաչափ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մասնակցությամբ, որոնք պետք է համաձայնության գան երթուղիների, մաքսայինի, սահմանային վերահսկողության և այլ տեխնիկական հարցերի շուրջ: Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին տրամադրել անվտանգության լրացուցիչ երաշխիքներ, մասնավորապես ՝ ավելացել է հայկական կողմի հետ ծառայող ռուս սահմանապահների թիվը, ինչպես նաև պայմանավորվածություններ են ձեռք բերվել հանրապետության հարավում ռուսական 102-րդ ռազմաբազայի ուժեղ կետերի ստեղծման վերաբերյալ»,- մատնանշեց նա։
Ինչ վերաբերում է ռուսական կողմի ջանքերին՝ կապված Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատման հետ, Կոնստանտին Տասիցը նշեց, որ Ռուսաստանը հանդես է գալիս ձերբակալվածների վերադարձի օգտին`«բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի համաձայն և ջանքեր է գործադրում, որպեսզի այդ խնդիրը հնարավորինս արագ լուծվի: «Ռուս խաղաղապահների օգնությամբ ավելի քան 60 մարդ արդեն ազատ է արձակվել, ևս 3-ը ազատ են արձակվել Սերգեյ Լավրովի այցի նախօրեին»,- նկատեց նա։
Հարցին՝ ինչ տպավորություն է ստացել ՌԴ արտգործնախարարի հայտարարություններից, որոնք են ռուսական կողմի առաջնահերթությունները ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում, Կոնստանտին Տասիցը նշեց․
«Ըստ Սերգեյ Լավրովի՝ այժմ ջանքերը պետք է ուղղված լինեն իրավիճակի կայունացմանն ու հրադադարի ռեժիմի ամրապնդմանը: Շփման գծում են խնդիրներ մնում, անհրաժեշտ է լուծել մարդասիրական խնդիրները՝ ներառյալ մահացածների մարմինների փոխանակման ավարտը և բանտարկյալների ազատ արձակումը: Հայաստանից շրջափակման վերացումը և տարածաշրջանային տնտեսական համագործակցության ակտիվացումը պետք է օգնի խաղաղ կյանքի հաստատմանը: Դա կբարձրացնի հակամարտության կողմերի միջև վստահության մակարդակը և կստեղծի անհրաժեշտ մթնոլորտ զգայուն քաղաքական խնդիրների, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծման համար»,- ասաց նա։