Մալդիվների նախկին նախագահի դեմ մահափորձի առնչությամբ 2 անձ է ձերբակալվել
Մահափորձից հետո Մալդիվների նախկին նախագահ Մուհամեդ Նաշիդը հայտնել է, որ իր առողջական վիճակը լավ է: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
«Ես լավ եմ», - նախկին նախագահի քույրն իր թվիթերյան էջում մեջբերել է Նաշիդի խոսքը։ Հայտնի է, որ Նաշիդն այժմ ինքնուրույն է շնչում։
Ոստիկանությունը հայտնել է, որ մահափորձը կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Նաշիդը Մալդիվների առաջին նախագահն է, որն ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով։ Նա իսլամական ծայրահեղականության բացահայտ քննադատ է և կարևոր դեր է խաղացել ընդդիմության առաջնորդների հասցեին հնչած մեղադրանքների հետաքննության գործում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մալդիվներում նախկին նախագահ և խորհրդարանի գործող խոսնակ Մուհամեդ Նաշիդի դեմ մահափորձ էր կատարվել։ Անհայտ անձինք պայթուցիկներ են տեղադրել նրա տան մոտ: Նաշիդը պայթյունի հետևանքով վիրավորվել է այն ժամանակ, երբ պատրաստվել է մեքենա նստել։
Նաշիդը 53 տարեկան է։ Նա Մալդիվների նախագահ է ընտրվել 2008 թվականին և պաշտոնը թողել 2012 թվականին: