Մյանմարում հարձակվել են Չինաստան գնացող գազատարի վրա. կան զոհեր
Մոտ 20 անհայտ անձ հարձակվել է Մյանմարի կենտրոնական Մանդալայ քաղաքի մոտակայքում գտնվող Չինաստան տանող գազատարի օբյեկտների վրա: Այս հարձակման հետևանքով սպանվել է առնվազն 3 պահակ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով ճապոնական Nikkei պարբերականին:
Հարձակման փաստը, ըստ թերթի, հաստատել է Մյանմարի պետական հեռուստատեսությունը, որը վերահսկվում է այս երկրի ռազմական իշխանությունների կողմից:
Հաղորդվում է, որ ավելի վաղ Պեկինը Մյանմարի զինվորականներին խնդրել էր ուժեղացնել Չինաստանի հետ կապված օբյեկտների անվտանգությունը:
Այսպես կոչված ազգային համաձայնության կառավարությունը, որը միավորում է երկրում ռազմական հեղաշրջման հակառակորդներին, նախապես հայտարարել էր ժողովրդական պաշտպանական ուժերի կազմավորման մասին: Այս կառույցը նախատեսված է Մյանմարի բանակին զինված դիմադրություն ցույց տալու համար:
Հիշեցնենք, որ Մյանմարում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, որի ընթացքում զինվորականները ձերբակալել են «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցության ղեկավար և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին, նախագահ Վին Մյինային և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Զինվորական հեռուստատեսությունը հաղորդել էր երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին: Պետական հեղաշրջման արդյունքում պետական իշխանությունը երկրում անցել է Մյանմարի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Խլայնուի ձեռքը, իսկ նախագահի պաշտոնակատար է դարձել փոխնախագահ Մյինգ Շվեն: