Լուգանսկը պատրաստ է բանակցել թե՛ Ուկրաինայի ընդդիմության, թե՛ իշխանության հետ` հանուն Դոնբասում խաղաղության հաստատման. ԼԺՀ ղեկավար
Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը պատրաստ է բանակցություններ վարել ուկրաինական ընդդիմության հետ, եթե դա կօգնի լուծել Դոնբասում առկա հակամարտությունը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը:
Սակայն, Պասեչնիկի խոսքերով, ինքը շփումներ չի ունեցել ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ` բացառությամբ «Ընդդիմադիր հարթակ հանուն կյանքի» կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկի հետ միակ հանդիպման:
«Դա այն ժամանակ էր, երբ քննարկվում էր ռազմագերիների փոխանակման հարցը, որոնք պահվում էին ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ մեր տարածքում: Սա միակ շփումն էր: Ես այլևս շփումներ չեմ ունեցել ոչ մի ընդդիմադիր ուժի հետ, ո՛չ Վիկտոր Մեդվեդչուկի, ո՛չ էլ այլ ներկայացուցիչների հետ»,-բացատրել է Պասեչնիկը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ պատրաստ է «ցանկացածի հետ խոսել», եթե դա կօգնի հասնել խաղաղության:
«Եթե դրանք բացարձակապես հստակ, հիմնավորված առաջարկներ են, որոնք ունեն ռացիոնալ կապ, քայլերի իրականացում կամ որևէ ռացիոնալ, արդյունավետ միջոցներ, որոնց իրականացումը կհանգեցնի Դոնբասում հակամարտության խաղաղ կարգավորմանը, ես պատրաստ եմ խոսել ցանկացածի հետ: Եվս մեկ անգամ կրկնում եմ, եթե դա ինչ-որ կերպ կօգնի դադարեցնել պատերազմը և այնպես կանի, որ մեր հանրապետության բնակիչները չմահանան»,-ասել է ԼԺՀ ղեկավարը:
Նա ընդգծել է, որ պատրաստ է խոսել թեկուզ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, թեկուզ Մեդվեդչուկի, թեկուզ ընդդիմության ներկայացուցիչների հետ, եթե դրանք արդյունավետ խոսակցություններ լինեն, որոնք իրական արդյունքի կհանգեցնեն: