Խիստ քննադատության ֆոնին Ավստրալիան թույլ կտա իր քաղաքացիների վերադարձը Հնդկաստանից, որտեղ կորոնավիրուսային ճգնաժամը գնալով խորանում է
Ավստրալիան մայիսի 15-ին, սահմանված արգելքը վերանալուց հետո կսկսի տուն վերադարձնել Հնդկաստանում գտնվող իր քաղաքացիներին, հայտնում է BBC լրատվականը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մարիսոնն արգելել էր Հնդկաստանում գտնվող քաղաքացիներին՝ վերադառնալ երկիր, իսկ վերադառնալու դեպքում նրանց համար սահմանվել են բարձր տուգանքներ կամ բանտարկություն։ Պատճառը Հնդկաստանում կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակի խիստ վատթարացումն է. երկիրը մեկ շաբաթից ավելի ամեն օր վարակվածների և զոհերի նոր հակառեկորդներ է գրանցում:
Վարչապետի նման որոշումը զգալի քննադատվել էր, որի արդյունքում որոշում է կայացվել քաղաքացիներին վերադարձնել Ավստրալիա և գործընհթացը սկսել «խոցելի» խմբից, որում ընդգրկված է 900 ավստրալացի։
Ընդհանուր առմամբ, Հնդկաստանում Ասվտրալիայի քաղաքացիների թիվն այս պահին 9 հազար է։
Վարչապետը նշել է, որ մայիսի 15-ին թռիչքների համար նախատեսված արգելքը կավարտվի և իր կառավարությունը որոշում կկայացնի կոմերցիոն թռիչքների միջոցով ավստրալացիներին տուն վերադարձնելու հնարավորության մասին։
Վարչապետի հայտնած տեղեկության համաձայն՝ Հնդկաստանից վերադարձված քաղաքացիները տեղափոխվելու են երկրի հյուսիսային շրջանում գտնվող «Հոուարդ Սփրինգս» կարանտինային հաստատություն, որտեղ մահճակալների թիվը եկող շաբաթվա ընթացքում հասցվելու է 2 հազարի։
Հնդկաստանն աշխարհում կորոնավիրուսային վարակի գրանցման դեպքերի թվով երկրորդ հորիզոնականում է՝ Միացյալ Նահանգներից հետո։ Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Հնդկաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցել է 21 միլիոնը: Ավելի քան 17,2 միլիոն մարդ ապաքինվել է, 230 հազար մարդ` մահացել:
Հնդկաստանի կառավարության գիտական հարցերով խորհրդատու Վիջայ Ռահղավանն ասել էր, որ Հնդկաստանում կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքն անխուսափելի է։