Ապստամբները հայտնել են Չադի մայրաքաղաքի վրա սպասվող հարձակման մասին
Չադի «Փոփոխության ճակատ և համաձայնություն» ապստամբների ճակատի ղեկավարի քաղաքական հարցերով խորհրդական Մուսա Մուլին ասել է, որ մայրաքաղաք Նջամենայի վրա նոր հարձակումն ընդհամենը ժամանակի հարց է, և ապստամբները պարզապես հարմար պահի են սպասում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Մենք պատրաստ ենք ճակատին հարմար ցանկացած պահի հարձակվել Նջամենայի վրա: Այս առումով մենք ոչ դժվարություն ունենք, ոչ էլ վախ, դա պարզապես ժամանակի հարց է», - ասել է Մուսա Մուլին:
Արդեն մի քանի տարի է, ինչ Չադի բանակը Լիբիայի սահմանին պայքարում է «Փոփոխության ճակատ և համաձայնություն» ապստամբ ճակատի դեմ, որը ղեկավարում է Մուհամմեդ Մահդի Ալին։ Չադի իշխանությունները ապստամբներին որակում են հանցագործներ և օրենքից դուրս մարդիկ ու հրաժարվում նրանց հետ բանակցելուց։