Հայտնաբերվել է Գեղարվեստի ակադեմիայի մուտքի դուռն ու ապակիները կոտրած 43-ամյա կինը
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 5-ին, Երևանում տեղի ունեցած խուլիգանության փաստով։
Ժամը 17։30-ից մինչև 18։10-ը ժամանակահատվածում Երևանի բնակիչ՝ 43-ամյա Միլենա Ղարախանյանը կոտրել է Իսահակյան 36 հասցեում գործող Գեղարվեստի ակադեմիայի դռան ապակիները, տևական ժամանակ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և հնչեցրել հայհոյանքներ։ Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով հայտնաբերել են Մ. Ղարախանյանին, նա բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո նրան բաց են թողել։ Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն՝ պարզելու, թե ակադեմիային որքան վնաս է պատճառվել։
Երեկ Tert.am-ի հետ զրույցում դեպքի վայրում գտնվող ոստիկանության աշխատակիցը հայտնել էր, որ ոչ սթափ վիճակում գտնվող կինը կոտրել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի մուտքի դուռը:
Tert.am-ի հետ զրույցում մանրամասներ էր հայտնել նաև ակադեմիայի պահակը: «Երեխաներն արդեն ավարտում էին դասաժամերը ու տուն էին գնում, հանկարծակի մի կին եկավ ու սկսեց կոտրել ապակիները, կոտրելուց հետո ներս էր նետում դրանք, ինչից վնասվածքներ էր ստանում, դե մենք էլ շտապօգնություն կանչեցինք, բայց չկարողացանք կանգնեցնել կնոջը, որպեսզի օգնություն ցույց տանք, պարզապես փախավ»,- նշել էր նա։