Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Բլինկենի հետ քննարկելու է ԱՄՆ-ից սպառազինությունների գնման հարցը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Ուկրաինա կատարած այցի ընթացքում Կիևը կբարձրացնի ԱՄՆ-ից սպառազինությունների գնման հարցը։ Այս մասին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։
Նշվում է, որ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մտադիր է իր ամերիկացի պաշտոնակցի հետ քննարկել Կիևի կողմից ՀՕՊ համակարգերի գնումը:
«Ես կցանկանայի հստակեցնել, որ խոսքը ոչ միայն ԱՄՆ-ի կողմից դրանց մատակարարումների, այլև ԱՄՆ-ից այդ ռազմական սարքավորումների գնման մասին է։ Մենք ցանկանում ենք, որ գործընկերությունն աշխատի երկկողմ ռեժիմով։ Այն պետք է փոխշահավետ լինի»,- ասել է Կուլեբան։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Բլինկենը ժամանել է Կիև, որտեղ հինգշաբթի պլանավորում է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Նա նաև բանակցություններ կվարի ԱԳ նախարարի հետ և կհանդիպի երկրի վարչապետ Դենիս Շմիգալի հետ: Ինչպես ավելի վաղ հայտնել էին Պետդեպարտամենտում, այցի նպատակն է ցույց տալ ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային, ինչպես նաև քննարկել մի շարք հարցեր, այդ թվում՝ Կիևին զենքի մատակարարումը: