«Հսկա Բայդեններն ու փոքրամարմին Քարտերները». համացանցում ծաղրել են ԱՄՆ նախկին և գործող նախագահների ու նրանց կանանց մասնակցությամբ լուսանկարը
ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենն այցելել են երկրի նախկին նախագահ Ջիմի Քարտերի ընտանիքին: Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այցի ժամանակ արված լուսանկարը համացանցային մեմի է վերածվել:
Լուսանկարում, որը հրապարակվել է Քարտեր կենտրոնի թվիթերյան էջում, երկրի գործող ղեկավարն ու նրա կինը հսկաների տեսք ունեն «փոքրամարմին» Քարտեր ամուսինների ֆոնին: Նման տպավորություն է ստեղծվել լուսանկարչի կողմից տեսախցիկի լայնանկյուն ոսպնյակի օգտագործման շնորհիվ:
«Տարօրինակ լուսանկար է. ասես Գուլիվերի ճանապարհորդություններից լինի: Ի ՞նչ է պատահել»,- մեկնաբանությունում գրել է օգտատերերից մեկը:
«Նման է տեսարանի «Մատանու եղբայրություն» ֆիլմից, երբ Գենդալֆը եկել էր Ֆրոդոյի տուն»,- կատակել է մեկ ուրիշ օգտատեր:
Ոմանք էլ վրդովվել են, որ Բայդենները դիմակ չեն կրել տարեց ամուսինների հետ շփվելիս: