Սերբիայի իշխանությունները 25-ական եվրո կվճարեն քաղաքացիներին մինչև մայիսի 30-ը կորոնավիրուսի դեմ պատվաստվելու դեպքում
Սերբիայի կառավարությունը 25-ական եվրո կհատկացնի կորոնավիրուսի դեմ պատվաստված բոլոր քաղաքացիներին, հայտնում է ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթը՝ հղում տալով Pink TV-ի եթերում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի արած հայտարարությանը։
«Երեկ ուշ երեկոյան կայացած խորհրդակցության ընթացքում քննարկել ենք, թե ինչպես պարգևատրել պատասխանատվություն ցուցաբերած մարդկանց և որոշեցինք, որպես օգնություն բոլոր քաղաքացիներին տրամադրվող 30 եվրոյից և թոշակառուներին տրամադրվող 50 եվրոյից բացի, բոլոր նրանք, ովքեր մինչը մայիսի 30-ը կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ, պետությունից լրացուցիչ 25 եվրո օգնություն կստանան»,-ասել է Վուչիչը։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ 7 միլիոն բնակչություն ունեցող Սերբիայում 3 միլիոն 620 հազար մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որից 2 միլիոն 50 հազարը ստացել է պատվաստման առաջին, իսկ 1 միլիոն 570 հազարը` երկու ներարկումը։