Գլոբալ տաքացման ֆոնին Ալպերում երևան են եկել Առաջին աշխարհամարտի զորանոցները (լուսանկարներ, տեսանյութ)
Ալպերում, գլոբալ տաքացման ֆոնին, ձյունն ու սառույցը հալվել են, ինչի արդյունքում երևան են եկել Առաջին համաշխարհային պատերազմի զորանոցները, որոնք տեղակայված են ծովի մակարդակից 9000 մետր բարձրության վրա գտնվող քարանձավում և պատկանում են ավստրո-հունգարական զորքերին, գրում է Daily Mail-ը:
Նշվում է՝ վերջիններս կռվել են իտալական զորքերի դեմ: Պատերազմն ավարտվել է 1918 թվականի նոյեմբերին: Այդ ժամանակվանից ի վեր Լոմբարդիայի Սքորլուզո լեռան վրա գտնվող Ստելվիո լեռնանցքում գտնվող զորանոցներն աստիճանաբար հայտնվել են սառույցի տակ:
Գրեթե 100 տարի անց՝ 2015 թվականին, երբ սառցադաշտը սկսել է հալվել, գիտնականներն առաջին անգամ կարողացել են մուտք գործել տարածք: Ներսում նրանք հայտնաբերել են թերթեր, պահածոներ, ծղոտե մահճակալներ, հագուստ և լապտերներ, ինչպես նաև կենդանիների մնացորդներ, որոնց կերել էին զինվորները, որոնք ժամանակին բնակություն են հաստատել ապաստարանում:
Միայն հիմա է հաջողվել ամբողջությամբ մաքրել քարանձավը: Սպասվում է, որ զորանոցի մասունքները կցուցադրվեն Բորմիոյի նոր թանգարանում 2022 թվականին:
Ռազմական գործողությունները, որոնք երեք տարի շարունակվել են Ալպերում, հայտնի են «Սպիտակ պատերազմ» անունով: Ըստ գիտնականների՝ բարձրությունից ընկնելու, ցրտահարությունից կամ ձնահյուսի հետևանքով ավելի շատ զինվոր է զոհվել, քան բուն մարտերում: Զինվորական անձնակազմի մնացորդները, նամակները, զենքերը և իրերը սկսել են հայտնաբերվել 1990-ականներին, երբ սառցաշերտերը սկսել են աստիճանաբար հալվել:
Ավելի վաղ Հարվարդի կլիմայի փոփոխության հարցերով ինստիտուտի գիտնականները հայտարարել էին, որ կլիմայի անոմալիան պատճառ է դարձել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում մահվան դեպքերի զգալի աճի: