Սաուդյան Արաբիան Ռամադանից հետո կվերաբացի դեսպանատունը Դամասկոսում
Սաուդյան Արաբիայի դեսպանատունն Էյդ Ալ Ֆիտր տոնից հետո, որն ավարտվում է մայիսի 13-ին, իր աշխատանքը կվերսկսի Դամասկոսում: Այս մասին երեքշաբթի հայտնել է Rai Al Youm համաարաբական թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Թերթի տեղեկություններով՝ Սիրիայի մայրաքաղաքում դեսպանատան բացման արարողությանը կմասնակցի Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆայսալ բին Ֆարհանի գլխավորած պատվիրակությունը:
Պարբերականի տվյալներով՝ Սիրիայի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորման մասին պայմանավորվածությունը շուրջ 10 տարվա ընդմիջումից հետո ձեռք է բերվել երկուշաբթի՝ Սաուդյան Արաբիայի հետախուզության ծառայության պետ Հալեդ ալ Հմեյդանի, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և Սիրիայի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ալի Ալ Մամլյուկի հանդիպման ժամանակ:
«Հալեդ ալ Հմեյդանը սիրիական կողմին փոխանցել է, որ Էր Ռիադը կողջունի Դամասկոսի վերադարձը Արաբական պետությունների լիգայի կազմ և Ալժիրում նրա՝ միջարաբական հանրակցության գագաթնաժողովին մասնակցությունը»,- նշում է թերթը։.
Նշվում է նաև, որ սաուդցի պաշտոնյայի այցը Դամասկոս տեղի է ունեցել Բաղդադում սաուդյան և իրանական կողմերի գաղտնի բանակցություններից երկու շաբաթ անց: Ապրիլի 28-ին Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը հեռուստահարցազրույցի ժամանակ հայտարարել էր «Իրանի հետ ամուր գործընկերային հարաբերություններ հաստատելու ցանկության մասին»: