Sotheby's-ի աճուրդում առաջին անգամ հնարավոր կլինի Բենքսիի կտավը գնել թվային արժույթով (լուսանկար)
Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսիի Love is in the Air («Սերն է օդում թևածում») ստեղծագործությունը կվաճառվի Նյու Յորքում կայանալիք Sotheby's-ի աճուրդում:
Ինչպես հաղորդում է աճուրդի տան կայքը, առաջին անգամ արվեստի գործը հնարավոր կլինի ձեռք բերել թվային արժույթով: Կազմակերպիչների խոսքով` Բենքսիի նկարը նախապես գնահատվում է 3-5 մլն դոլար:
Միևնույն ժամանակ նշվում է, որ նա, ով մայիսի 12-ին ամենաբարձր գինը կառաջարկի, կկարողանա արվեստի գործի համար վճարել Bitcoin կամ Ethereum թվային արժույթներով:
Բենքսին, որն աշխարհի ամենահակասական նկարիչներից մեկն է և մշտապես սահմաններն ընդլայնող գործեր է ներկայացնում, հավաքորդներին առաջարկում է իր ստեղծագործություններից մեկը ձեռք բերել թվային արժույթով:
Love is in the Air նկարը 90 սմ լայնությամբ և 90 սմ երկարությամբ կտավ է` արտիստի ստորագրությամբ: Կտավի վրա յուղաներկով պատկերված է բողոքի ակցիայի մասնակիցը, որը ծաղկի փունջ է նետում: