ԱԺ–ն քննարկեց լրատվական կայքերում վիճակախաղերի գովազդի համար ժամային սահմանափակում կիրառելու նախագիծը 2-րդ ընթերցմամբ
Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20 տոկոս կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանափակումը, ըստ որի՝ գովազդները կարող են իրականացվել ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում:
Փոխնախարարը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն ստացվել, Կառավարությունը ևս փոփոխություններ չի կատարել:
Ինչ վերաբերում է նախագծի հետ կապված լրատվամիջոցների մտահոգություններն, փոխնախարարն ասաց, որ հիմնական մտահոգությունները բաժանված են երկու մասի: «Մեկը Կառավարությունում դեռ քննարկման չի դրվել, դա ներկայացվել է հանրային քննարկման: Դրանով ընդհանրապես արգելվում է գովազդը: Այն խնդրահարույց է, դեռ պետք է ուսումնասիրել: Մտահոգության մյուս մասը վերաբերում է այս օրենքի նախագծին, որով սահմանափակման ձևի փոփոխություն է տեղի ունենում: Այսինքն՝ գովազդի ծավալային սահմանափակումը փոխարինվում է ժամանակային սահմանափակմամբ»,– ասաց նա:
Անդրադառնալով մտահոգություններին, որ նախագիծը խախտում է ԶԼՄ–ների՝ լրատվական գործունեություն իրականացնելու իրավունքը, ինչպես նաև ունի ԶԼՄ–ների բյուջեն սահմանափակելու թաքնված նպատակ՝ նա ասաց. «Ուզում եմ փարատել բոլոր այդ մտահոգությունները: 2019-ի հունիսի 18-ին, երբ ես հարակից զեկուցմամբ եմ հանդես եկել որպես Կառավարության լիազոր ներկայացուցիչ, ներկայացրել եմ Կառավարության մտահոգությունը, որ ծավալային սահմանափակումը նորություն է և դրա նկատմամբ վերահսկողությունը, չափողականությունը, գործիքակազմը Կառավարությունում բացակայում է, և կարող են առաջացնել որոշակի ռիսկեր՝ վերահսկման առումով»:
Փոխնախարարը նաև նշեց, որ Կառավարությունը, քննարկելով նախագիծը, հասկացավ, որ ոլորտի կարգավորման հնարավորությունը գտնվում է ժամային վերահսկողության ներքո: