Խնդրում եմ անձերին վերաբերող հայտարարություններում զգուշավորություն ցուցաբերել, որովհետև դա կարող է անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ առաջացնել. Տարոն Սիմոնյանը՝ «Իմ քայլին» (տեսանյութ)
Ես դեմ եմ, որ այս ամբիոնն անձնական խոսակցությունների միջոց օգտագործելուն, քանի որ հանրային ամբիոն է, բայց ստիպված եմ արձագանքել: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով իր հայտարարության վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կոշտ արձագանքին:
Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության անդամներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում արվող շինաշխատանքներին, գմբեթները հանելուն։ Այդ ելույթներին արձագանքելով՝ Տարոն Սիմոնյանն ասել էր, որ չէր կարող ուրախությամբ չարձագանքել, որ իր գործընկերներն ի վերջո վերադարձան հայամետ քաղաքականության:
«Խնդրում եմ այստեղ անձերին վերաբերող հայտարարություններում զգուշավորություն ցուցաբերել, որովհետև դա կարող է անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ առաջացնել թե՛ նման կարծիքներ հնչեցնողների, թե՛ այն հասցեատիրոջ համար, ում դրանք ուղղված են»,-ասաց նա:
Տարոն Սիմոնյանն ասաց, որ բազմիցս է նշել, որ գործադիրի ներկայացուցիչների, իշխանական պատգամավորների հայտարարությունները օգտագործվում են մեր հակառակորդի կողմից իրավական գործընթացներում Հայաստանի դեմ: «Իսկ դուք ինչպես կգնահատեք այդ երևույթը, որ առաջիկայում որոշ իրավական գործընթացներ մենք ձախողենք՝ ձեր ընկերների առանձին հայտարարությունների պատճառով: Ես հուսով եմ՝ այս միջադեպը կարևոր առիթ է, որ ձեր առանձին գործընկերներ հասկանան, որ իրենց հայտարարություններում զգուշավորություն դրսևորվեն, քանի որ իրավական գործընթացներում իրենց հայտարարություններն օգտագործվում են ՀՀ-ի դեմ, եթե դուք սա հայամետ քաղաքականության արտահայտություն եք համարում, ես չեմ կարող»,-ասաց նա: