Կիևը թուրք ներդրողներին հրավիրել է մասնակցելու Ուկրաինայում սեփականաշնորհման նոր ալիքին
Կիևն Ուկրաինայում սեփական ներդրումները կրճատելու նպատակով՝ խրախուսում է թուրք ներդրողների մասնակցությունը տնտեսության ոլորտի սեփականաշնորհման գործընթացին, հայտնում է Ahval-ը։
Ուկրաինայի Պետական գույքի ֆոնդի ղեկավար Դմիտրո Սենիչենկոն Anadolu գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում մատնանշել է թուրք ներդրողների ներկայությունն Ուկրաինայում, սակայն նշել է, որ հույս ունի, որ սեփականաշնորհման նոր ալիքին նրանց մասնակցությունն ավելի շատ կլինի:
«Ուկրաինայում այսօր կա տարբեր ուղղություններով աշխատող շուրջ 3600 ձեռնարկություն, որոնք մնացել են Խորհրդային Միության ժամանակներից՝ մասնավորապես անշարժ գույքի, գյուղատնտեսության, արդյունաբերական սարքավորումների արտադրության և այլ ոլորտներում», - ասել է Սենիչենկոն և հավելել, որ ռազմավարական նշանակություն ունեցող մի քանի ձեռնարկություններից բացի, բոլորը ենթակա են սեփականաշնորհման։
Թերթը նշել է, որ վերջին տարիներին Ուկրաինան և Թուրքիան պարտավորվել են ավելացնել իրենց առևտրի և ներդրումների ծավալը: Երկրներում գործող ընկերություններն արդեն իսկ համագործակցում են համատեղ պաշտպանական նախագծերի շուրջ, սակայն Սենիչենկոն ակնկալում է ոլորտների համագործակցության ավելի լայն դաշտ:
Հիշեցնենք, որ անցյալ ամիս Ստամբուլում կայացել էր հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև, որի արդյունքում հրապարակվել էր երկկողմ հարաբերությունների նպատակների ցուցակ։ Այդ նպատակներից մեկն առևտուրը 10 միլիարդ դոլարով ավելացնելը և ազատ առևտրի համաձայնագիրը վերջնական տեսքի բերելն է։