«Մենք մեզ չենք կարող թույլ տալ Չինաստանի հետ գործ չունենալու ճոխություն». ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ չնայած վիճահարույց հարցերին, ԱՄՆ-ն չի կարող չհամագործակցել Չինաստանի հետ:
Մեկնաբանելով Չինաստանի հետ հարաբերություններում «կարմիր գծեր» գծելու հավանականությունը՝ Բլինկենն ասել է, որ ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, ստիպված է աշխատել Պեկինի հետ:
«Տեսեք, մենք մեզ չենք կարող թույլ տալ Չինաստանի հետ գործ չունենալու ճոխություն: Հարաբերություններում կան իրական բարդություններ՝ լինի դա թշնամական, մրցակցային, թե համագործակցային առումներով»,- CBS-ին տված հարցազրույցում ասել է Բլինկենը:
Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձել է Սինցզյանում Չինաստանի վարած քաղաքականության խնդրին:
Հիշեցնենք՝ վերջերս կտրուկ ավելացել են արևմտյան երկրների, իրավապաշտպան կազմակերպությունների և լրատվամիջոցների կողմից Սինցզյանում Չինաստանի վարած քաղաքականության քննադատությունները: ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Կանադան և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել Չինաստանի դեմ Սինցզյան քաղաքում ույղուրների իրավունքները ոտնահարելու, ազգային փոքրամասնություններին ճնշելու և նրանց հարկադիր աշխատանքի դրդելու մեղադրանքով:
ԱՄՆ-ն հայտարարել է, որ ույղուրների դեմ Չինաստանի գործողությունները կարող են համարվել ցեղասպանություն: Չինաստանը կտրականապես մերժում է բոլոր մեղադրանքները: