Մեզ առաջադրվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանք, սա քաղաքական հետապնդում է, մեղադրանքը չենք ընդունում․ ՀՅԴ երկու անդամ հրավիրվել էին ՔԿ (տեսանյութ)
Մինչև ներս մտնելն արդեն իսկ պարզ էր, թե ինչի համար են կանչել մեզ, սա քաղաքական հետապնդման հերթական փորձն էր, որը բնականաբար իր արդյունքը չի տալու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի որդին, տեղեկացնելով, որ նրան և ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահին կանչել են Քննչական կոմիտե:
«Տվել ենք ստորագրություն չհեռանալու մասին, բայց ևս մեկ անգամ ուզում եմ նշել՝ այս պայքարից ուղղակի ամոթ է հետ կանգնելը, և ես իմ խոստումը պահելու եմ, յուրաքանչյուր քայլ, որը կնպաստի այս սրիկա կառավարման ռեժիմի հեռացմանը, ես օժանդակելու եմ: Նրանք փորձում են ինչ-որ գործ կարել մեր վրա, այդ նպատակին չեն հասնելու»,- նշեց Տարոն Մանուկյանը:
Նա նաև տեղեկացրեց՝ առաջադրվել է մեղադրանք առ այն, որ կիրառվել է բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ, նաև հավելեց՝ մեղադրանքը չեն ընդունում:
«Քաղաքական հետապնդման պարագայում իմաստ չեմ գտնում ավելորդ մեկնաբանություններ տալու, մեղադրանքի հետ էլ համաձայն չեմ: Այս անգամ առաջադրվել էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը որպես մեղադրանք, բայց նման դեպք չի եղել, և մենք ուղղակի մեր բողոքն ենք բարձրաձայնել, բոլորին էլ պարզ է, որ այդ օրվա ոստիկանության գործողությունները եղել են ոչ իրավաչափ, և ամեն ինչ կատարվեց հենց ոստիկանության անմիջական մեղավորությամբ»,- նշեց նա: