Սա տարօրինակ հայտարարություն է, որովհետև հնարավոր չէ վերադարձնել մի բան, որը քեզ չի պատկանում. Հակոբ Կարապետյանը Կամո Մովսեսյանի հայտարարության մասին
Դեռ երեկվանից yerevan.am կայքում հրապարակված է Երևանի քաղաքապետի որոշումը, որով Կամո Մովսեսյանը զրկվել է քաղաքապետի ոսկե մեդալից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Ջազի հայկական ասոցիացիա ՀԿ նախագահ Կամո Մովսեսյանն այսօր ասուլիսում հայտարարել է, որ «հետ է վերադարձնում քաղաքապետ Հայկ Մարությանի՝ իրեն հանձնած ոսկե մեդալը»:
Սա տարօրինակ հայտարարություն է, որովհետեւ հնարավոր չէ վերադարձնել մի բան, որը քեզ չի պատկանում:
Դեռ երեկվանից yerevan.am կայքում հրապարակված է Երևանի քաղաքապետի որոշումը, որով Կամո Մովսեսյանը զրկվել է քաղաքապետի ոսկե մեդալից (որոշման հղումը՝ մեկնաբանությունում):
Ինչպես արդեն տեղեկացրել եմ մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում, Երեւանի քաղաքապետարանը նպատակահարմար չի համարել ֆինանսավորել Ջազի միջազգային օրվան նվիրված այս տարվա համերգը: Պատճառը, ի լրումն կորոնավիրուսային համավարակով ու հետպատերազմական իրավիճակով պայմանավորված հանգամանքներից, այն է, որ քաղաքապետարան ներկայացված՝ համերգի կազմակերպման նախահաշվում առերեւույթ խիստ ուռճացված ծախսեր են նախատեսված եղել:
Օրինակ, հետաքրքիր է, թե որքան է ծախսել Մովսեսյանը այսօրվա հրավիրած ասուլիսի համար: Որովհետեւ իր ներկայացրած նախահաշվում համերգին վերաբերող ասուլիսի համար բավական խոշոր գումար էին նախատեսել: Չհաշված՝ իրենց կազմակերպության ակնկալած եկամուտը»:
Նշենք, որ այսօր Ջազի հայկական ասոցիացիա ՀԿ նախագահ Կամո Մովսեսյանը հայտնել էր, որ քաղաքապետարանը մերժել է գումար տրամադրել Ջազի հայկական ասոցիացիային, որը նախատեսվում էր 10-րդ անգամ Հայաստանում անցկացնել Ջազի միջազգային օրը։