Ղրղզստանը և Տաջիկստանը սկսել են բանակցությունները դեմարկացիայի և դելիմիտացիայի շուրջ
Ղրղզստանի և Տաջիկստանի կառավարական պատվիրակությունները մայիսի 1-ին աշխատանքներ են սկսել ընդհանուր սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Կառավարական պատվիրակությունները, որոնք գլխավորում են երկու երկրների ազգային անվտանգության պետական հանձնաժողովների ղեկավարները, բանակցություններ են իրականացնում Ղրղզստանի Բատկենի շրջանում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ապրիլի 28-ին Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանին ջրատարի շուրջ տեղացիների միջև ծագած վեճը հանգեցրել է փոխհրաձգության երկու երկրների սահմանապահների մասնակցությամբ: Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհվել է առնվազն 40 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը:
Նշենք՝ Տաջիկստանի սահմանապահները տեսախցիկներ էին տեղադրել սահմանին գտնվող ջրաբաշխիչ կետի մոտ, որին ի պատասխան՝ ղրղըզական կողմը պահանջել էր ապամոնտաժել դրանք: Երկու երկրների բնակիչները սկսել էին քարեր նետել միմյանց ուղղությամբ։
Ըստ պաշտոնական Դուշանբեի՝ առաջինը կրակել են ղրղըզ զինծառայողները, որոնք փորձել են գրավել «Գոլովնոյ» կոչվող ջրաբաշխիչ կետը։ Այնուամենայնիվ, Ղրղըզական կողմը հակառակն է պնդում:
Ժամեր շարունակված զինված բախումներից և բանակցություններից հետո երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունները հայտարարել էին հրադադարի շուրջ պայմանավորվածության ձեռքբերման մասին:
Հիշեցնենք՝ ջրաբաշխիչ կետի պատկանելության շուրջ երկու հարևանների միջև վեճը շարունակվում է տասնամյակներ։ Տաջիկստանի և Ղրղըզստանի պետական սահմաններն անցնում են հենց այդ ջրաբաշխիչ կետի կողքով, իսկ 1968 թվականից ի վեր այն օգտագործվում է ինչպես Տաջիկստանի և Ղրղըզստանի, այնպես էլ երրորդ հարևան Ուզբեկստանի սահմանամերձ շրջանների ոռոգման և ջրամատակարարման համար։