Դավիթ Բեկ փողոցում մեքենան կանգնեցրեց մի մարդ, որը վիրավոր էր և խնդրեց փրկել իր կյանքը․ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը մանրամասներ է ներկայացրել միջադեպից տուժածին հիվանդանոց տեղափոխելու մասին
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում մանրամասնել է, թե ինչպես են երեկ Թոխմախի գերեզմանատանը տեղի ունեցած միջադեպից տուժածներից մեկին պատահաբար հանդիպել ճանապարհին և նրա խնդրանքով տարել հիվանդանոց։ Գրառման մեջ ասվում է․
«Shamshyan.com-ի հաղորդմամբ, երեկ Երևանի քաղաքային («Թոխմախ») գերեզմանատան մոտ քրեական միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվածք ստացած անձանցից մեկին հիվանդանոց ենք տեղափոխել ես և Մալաթիա-Սեբաստիա վ/շ ղեկավար Դավիթ Կարապետյանը:
Թյուրընկալումներից խուսափելու համար տեղեկացնեմ, թե ինչ է տեղի ունեցել: Երեկ երեկոյան՝ աշխատանքային հանդիպումից հետո, Դավիթ Կարապետյանի հետ, նրա մեքենայով Նոր Նորքից վերադառնում էինք: Դավիթ Բեկ փողոցում մեքենան կանգնեցրեց մի մարդ, ով, դատելով տեսքից, լավ վիճակում չէր ու օգնության կարիք ուներ: Քաղաքացին ասաց, որ վիրավորված է և խնդրեց փրկել իր կյանքը: Բնականաբար, նրան շտապ տեղափոխեցինք մոտակա հիվանդանոց:
Հուսով եմ՝ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում, և նրա (ինչպես նաև ըստ մամուլի՝ մյուս վիրավորների) առողջությունը շուտ կվերականգնվի: Հորդորում եմ քաղաքացիական պարտքի և մարդկային բնական վերաբերմունքի դրսևորումը չտեղափոխել ենթադրությունների, առավել ևս շահարկումների տիրույթ»:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Ռազմիկ Մկրտչյանի գրառումը և հավելել․ «Վիրավորներին մաղթում ենք շուտ ապաքինում»:
Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգ և «TT» տեսակի ատրճանակ