Իսրայելցի նախարար. Մեր ռազմական ինքնաթիռները կարող են հասնել Իրան
Մեր ռազմական ինքնաթիռները կարող են հասնել Մերձավոր Արեւելքի ցանկացած կետ եւ, իհարկե` Իրան: Այս մասին Reuters-ին հայտնել է Իսրայելի հետախուզության նախարար Էլի Քոենը:
Խոսելով իրանական միջուկային համաձայնագիրը երկարաձգելու հնարավորության մասին` նա նշել է, որ «վատ գործարքը տարածաշրջանը պատերազմի կհանգեցնի»: «Ամեն ոք, ով կարճաժամկետ օգուտներ է փնտրում, պետք է հիշի երկարաժամկետների մասին,- ասել է նա:- Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել: Մեր ինքնաթիռները կարող են հասնել Մերձավոր Արեւելքի ցանկացած կետ եւ, իհարկե` Իրան»:
Նրա խոսքով` Իրանն ուրանի հարստացումը մերժելուց եւ բալիստիկ հրթիռներ ստեղծելուց հրաժարվելուց բացի, համաշխարհային տերությունները պետք է ստիպեն նրան դադարեցնել «այլ երկրների ապակայունացումը» եւ «զինյալների ֆինանսավորումը»:
Իսրայելն այս շաբաթ բարձրաստիճան պատվիրակներ է ուղարկել Վաշինգտոն` Իրանը քննարկելու համար: Սպիտակ տունը հայտարարել է, որ դաշնակիցները համաձայն են տարածաշրջանում Իրանի վարքի հետ կապված «զգալի սպառնալիքի» հետ:
ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանն ասել է, որ Բայդենի վարչակազմն Իսրայելի հետ խորհրդակցելու է ցանկացած նոր միջուկային գործարքի շուրջ, որն ինքը մշուշոտ է համարում:
«Մեր գնահատականներով` իրանցիները կհրաժարվեն այդպիսի քննարկումներից: Բայց եթե պարզվի, որ մենք սխալվում էինք եւ ամերիկացիներին հաջողվի բանակցել մեկ այլ` ավելի լավ գործարքի շուրջ, մենք, անշուշտ, այդ քննարկման մաս կդառնանք: Մենք դա հստակ ասել ենք, եւ (Բայդենի) վարչակազմը, անկասկած, ողջունում է դա »: