Սաուդյան Արաբիան ևս 8 թուրքական դպրոց կփակի
Սաուդյան Արաբիան կփակի եւս ութ դպրոց, որոնք կապված են Թուրքիայի կրթության վարչության հետ, հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:
Սաուդյան Արաբիայի կրթության նախարարությունը դպրոցների ղեկավարությանը տեղեկացրել է այս որոշման մասին:
Անկարայի եւ Էր Ռիադի հարաբերությունները սրվել էին 2018-ին՝ Ստամբուլում սաուդցի այլախոհ լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հոկտեմբերից թուրքական ապրանքների եւ ծառայությունների ոչ պաշտոնական բոյկոտ են անում այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թագավորությանը եւ նրա դաշնակիցներին մեղադրել էր տարածաշրջանը ապակայունացնելու մեջ:
Անցյալ տարվա վերջին Սաուդյան Արաբիայի Մեքքա եւ Մեդինա քաղաքների հինգ թուրքական դպրոցներ փակվել էին՝ չնայած թուրքական իշխանությունների միջամտության փորձերին:
Թաբուք, Էր Ռիադ, Թայիֆ, Ջիդա, Դամամ, Մեքքա, Աբհա եւ Մեդինա նահանգներում թուրքական եւս ութ դպրոցներ կփակվեն մինչեւ ուսումնական տարվա վերջը։
Երկուշաբթի օրը Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը հայտարարել էր, որ Թուրքիան ձգտում է բարելավել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ Խաշոգջիի գործից հետո: «Նրանց մոտ դատ է եղել: Նրանք որոշում են կայացրել, ուստի մենք հարգում ենք այդ որոշումը»: