Հնդկաստանը թարմացրել է կորոնավիրուսի ախտորոշման և մահվան դեպքերի օրական ցուցանիշի հակառեկորդը
Հնդկաստանում հայտնաբերված կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվածների թվի օրական աճը կազմել է 379 հազար 257, ավելի քան 3,6 հազար մարդ մահացել է: Սրանք առավելագույն ցուցանիշներն են համավարակի սկզբից ի վեր: Այդ մասին հաղորդել է երկրի առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում է գտնվում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով:
Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդամենը երկրում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 18,3 միլիոն դեպք: Ապաքինվել է 15 միլիոնից ավելի մարդ, կորոնավիրուսից և ուղեկցող հիվանդություններից մահացել է 204 հազար մարդ: Հիվանդացածների թվի աճը Հնդկաստանում շարունակվում է փետրվարի կեսերից, ինչի արդյունքում COVID-19-ից բուժվողների թիվն ավելացել է՝ հասնելով ավելի քան 3 միլիոնի:
Դրա հետ մեկտեղ առողջապահության նախարարությունը նշել է, որ Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել ավելի քան 150 միլիոն մարդ, միայն վերջին օրվա ընթացքում պատվաստում ստացածների թիվն ավելացել է 2,1 միլիոնով: Ապրիլի 28-ի գիշերը Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության երկու ինքնաթիռ այս երկիր է հասցրել COVID-19-ի դեմ պայքարի ավելի քան 20 տոննա միջոցներ, ներառյալ սարքավորումներ՝ թթվածնի մշակման համար, թոքերի արհեստական օդափոխման սարքեր և դեղամիջոցներ: