Սաուդյան Արաբիայի իշխանությունները փակում են թուրքական դպրոցները
Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշում են կայացրել փակել թագավորության տարածքում գործող թուրքական 8 դպրոց, որոնք ենթակա են Թուրքիայի ազգային կրթության նախարարությանը: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալության թղթակիցը՝ հղում տալով դիվանագիտական աղբյուրներին:
Ուսումնական հաստատությունները կդադարեցնեն գործունեությունը 2020-2021 ուսումնական տարվա ավարտին:
«Այս ուսումնական տարվա վերջում թուրքական դպրոցների գործունեությունը կդադարեցվի, աշակերտներին կտրամադրվի աջակցություն իրենց նախընտրած դպրոցներում գրանցվելու հարցում, իսկ դպրոցի ղեկավարությունը պետք է ծնողներին տեղեկացնի այս որոշման մասին», - ասված է Սաուդյան Արաբիայի կրթության նախարարության հրահանգում:
Տեղեկատվության համաձայն, Սաուդյան Արաբիայի կրթության նախարարությունը պաշտոնական ծանուցագիր է ուղարկել Թաբուկում, Էր Ռիադում, Թաիֆում և Ջիդդայում 4 դպրոց փակելու մասին:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ համապատասխան որոշման մասին բանավոր կերպով տեղեկացվել են Դամամ, Աբհա, Մեքքա և Մեդինա քաղաքների ուսումնական հաստատությունները:
«Սաուդյան Արաբիայում թուրքական դպրոցների փակման դեպքում տուժելու է այդ դպրոցներում սովորող 2 256 աշակերտ: Դա պայմանավորված է նրանով, որ նրանք դժվարությունների կհանդիպեն, եթե շարունակեն ուսումը Սաուդյան Արաբիայի կրթության նախարարությանը ենթակա դպրոցներում, քանի որ նրանք բավականաչափ արաբերեն չգիտեն»,-նշում են աղբյուրները:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայում բոյկոտ էր հայտարարվել թուրքական արտադրության ապրանքների նկատմամբ: