Կառավարությունն անհրաժեշտ հարկային միջավայր է ձևավորում օգտագործված մեքենաները նորերով փոխարինելու Trade-in համակարգի ներդրման համար
Կառավարությունն այսօր քննարկեց ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին հավանություն տալու մասին որոշման նախագիծը:
Նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նշենք, որ նախագծի նպատակը Հայաստանում ավտոմեքենաների շուկայում Trade-in համակարգի ներդրման համար անհրաժեշտ հարկային միջավայրի ձևավորումն է: Ըստ հիմնավորման՝ նախագծի կարգավորման առարկան Trade-in համակարգի շրջանակներում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից ավտոտրանսպորտային միջոցի ձեռք բերման և վաճառքի ժամանակ ձևավորվող՝ եկամտային հարկով և ԱԱՀ-ով հարկման բազաների հաշվարկման առանձնահատկություններն են:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախագծին, պարզաբանեց, որ խոսքը օգտագործված մեքենաները նոր ավտոմեքենաներով փոխարինելու նոր համակարգի մասին է: «Աշխարհում տարածված է, երբ մարդիկ մեքենաները փոխարինում են, հանձնում են և որոշակի գործարքի արդյունքում ստանում են նոր ավտոմեքենա: Մենք ուսումնասիրությունների արդյունքում, եկել ենք այն եզրակացության, որ գործող հարկային համակարգը այս պրոցեսի համար նպաստավոր չէ և չի շահագրգռում, որպեսզի այդ գործարքների շուկան զարգանա, և այս փոփոխություններով փորձում ենք նպաստել այդ գործընթացում, որպեսզի մեր երկրում ավտոմեքենաների պարկը թարմանա և քաղաքացիների համար հեշտ լինի հին ավտոմեքենաները նոր ավտոմեքենաներով փոխարինելը»,-ասաց նա:
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ավելացրեց, որ ակնկալում ենք, որ այս փոփոխությունների արդյունքում կտրուկ կաշխուժանա թարմ, նոր մեքենաների վաճառքը: