Հայաստանն ունեցավ ևս մեկ քաղբանտարկյալ, և դա ցույց է տալիս գործող իշխանության դեմքը. Արծվիկ Մինասյանը՝ քրոջորդուն կալանավորելու մասին (տեսանյութ)
Ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդում է, իսկ Հայաստանն ունեցավ ևս մեկ քաղբանտարկյալ՝ Հայկ Հեքիմյանի տեսքով, իսկ դատավորի և դատարանի նախագահի նման պահվածքն ակնհայտորեն վկայում են՝ կատարվում է քաղաքական պատվեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Հայկ Հեքիմյանի կալանավորմանը:
«Երբ ծանոթանում ես որոշմանը, հասկանում ես՝ դա իրավական պետության ծաղր է: Հիմքերը կալանավորման ոչ միայն իրականությունից դուրս են, այլ նաև ակնհայտորեն վկայում են այն մասին, որ մենք գործ ունեք քաղաքական հստակ պատվերներ կատարելու վիճակի հետ: Այդպիսի որոշումները չեն կարող երկար կյանք ունենալ, չեն կարող սահմանափակել պայքարը, որը որդեգրել է «Հանուն հայրենիքի փրկության» շարժումը, իսկ այն անձինք, որոնք կատարում են այս իշխանությունների պատվերը, նրանք բոլորը նույնպես դատապարտվելու են արդար դատարանների և դատավորների կողմից»,- ասել է Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, ապրիլի 28-ին բավարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին կալանավորելու մասին նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։