Թուրքիայի հետ սահմանի բացումը մեծ հարված կհասցնի մեր գյուղատնտեսությանը, մեր գյուղացիների վիճակը սարսափելի կլինի․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Ընդհանրապես մենք չենք կարող ասել, որ փակ սահմանը լավ բան է, իհարկե, լավ բան չէ, և նորմալ չէ, եթե մենք փորձենք քարոզել, որ սահմանները փակ պահելը լավ երևույթ է: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ակնհայտ է, որ այսօր Թուրքիայի հետ սահմանի բացումը մեծ հարված կհասցնի մեր գյուղատնտեսությանը, քանի որ մեր գյուղատնտեսությունները միմյանց հետ մրցակից են, ոչ թե իրար փոխլրացնում են, և ակնհայտ է, որ Թուրքիայի գյուղատնտեսությունը ավելի լավ վիճակում է, ավելի մեծ ծավալների է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
ՀՀ 2-րդ նախագահը նշեց՝ սահմանների բացվելու դեպքում Արարատյան դաշտի բնակիչների վիճակը լինելու է սարսափելի, իսկ ապրանքը՝ ոչ մրցունակ:
«Մինչև սահմանը բացելը պետք է առնվազն մի քանի տարի Հայաստանի գյուղատնտեսության մակարդակը բարձրացվի, և սուբսիդավորումը հասցվի նույն մակարդակի, ներմուծման տարբեր հարկերով պաշտպանվի շուկան, որից հետո նոր պետք է մտածել այդ սահմանի բացման մասին»,- նշեց Քոչարյանը:
Որպես խոսքի ամփոփում՝ նա ընդգծեց՝ սահմանները բացելուց պետք է հասկանալ՝ բալանսը ում օգտին է: