Մենք պետք է հիմա Արցախը Հայաստանին միավորելու քայլերով զբաղված լինեինք, մինչդեռ Սյունիքը տարանջատելու փորձեր են արվում. Սրբուհի Գրիգորյան
Հասկանում եմ պատճառները, թե ինչո՞ւ ենք ազգովի դարձել սյունիքագետ, բայց մի շատ կարևոր բան մենք անտեսում ենք .Սյունիքը պետք է լինի մեզ միավորող, ոչ թե պառակտող աշխարհամասը: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Ալիևի նկրտումների ֆոնին որոշ ուժեր շարունակում են պրկված պահել քաղաքացու նյարդերը: Ըստ նրա՝ նրանք Սյունիքի մասին կեղծ լուրեր տարածելով՝ փորձում են ահաբեկիչ նոտաներ ուղղել Սյունիքի մարզ:
«Մենք պետք է հիմա Արցախը Հայաստանին միավորելու քայլերով զբաղված լինեինք, մինչդեռ Սյունիքը տարանջատելու փորձեր են արվում: Եթե ձեր հաշվարկներն այն են, որ մարդիկ կորցրել են իրենց հիշողությունը, սխալվում եք: Տարիներ շարունակ նաև Սյունիքում իշխանական բոլոր լծակներով մարդկանց ստիպել են անել այն, ինչ ուզել են: Մարզպետարանից մինչև ՏԻՄ, այո, ինձ էլ են աշխատանքից ազատել նրա համար, որ հանդգնել եմ դեմ կանգնել պարտադրանքին ու չընտրել ԱԺ-ի իրենց ասած պատգամավորի թեկնածուին: Բայց բռնությունը չի կարող երկար ճանապարհ գնալ, ուր են հիմա պրիմիտիվ բռնակալները, իսկ ես ահա այստեղ եմ՝ Ազգային ժողովի թիվ մեկ ամբիոնի մոտ»,- ասաց Գրիգորյանը:
Պատգամավորի համոզմամբ՝ պետք է վերադառնալ առանց հայհոյանքների կյանքի, ներքին կռիվներով խաղաղության ու անվտանգության հասնել հնարավոր չէ.
«Որևէ մեկը հույս չունենա, թե «գյադայական» պահվածքով կարող է երկար ճանապարհ անցնել, տեղային բռնություններ բեմադրել և ընտրություններին փորձել պարտադրել: Ես ամբողջ ընթացքում Սյունիքում եմ լինելու, կանգնելու ենք բոլոր ազատ ընտրել ցանկացող քաղաքացիների կողքին: Մեր թիվ մեկ օրակարգը պետք է լինի բանակի արդիականացումը, սոցիալական բեռի թեթևացումը ու մեր երկրի ժողովրդագրական և ռազմավարական խնդիրների լուծումը»:
Անդրադառնալով ԱԺ-ում հնչած հայտարարություններին՝ կապված Սյունիքի հետ, Սրբուհի Գրիգորյանը նշեց. «Տիկնանցից մեկը նշել էր՝ Սյունքիում բոլոր մեղավորները պետք է պատժվեն: Այո, ամենուր պետք է պատժվեն մեղավորները, բայց Սյունիքի մասին խնդրում ու պահանջում եմ շատ զգույշ խոսեք: Մեր մյուս պատգամավորը եկել այստեղ անհասկանալի ջղաձգումներ էր անում, թե բա՝ սարքում ենք, էլի ասում եք Սյունիքի այս դպրոցը, այն մանկապարտեզը: Բա պետք է ամրացնենք մեր սահմանամերձ բնակավայրերը»: