Միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Մխիթար Զաքարյանին առաջադրված ակնհայտ անհիմն մեղադրանքը վերացնելու պահանջով. փաստաբան
Այսօր միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին՝ Մխիթար Զաքարյանի նկատմամբ առաջադրված ակնհայտ անհիմն մեղադրանքը վերացնելու պահանջով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պողոսյանը:
«Հիշեցնեմ, որ և՛ ձերբակալման իրավաչափությունը վիճարկելիս, և՛ կալանավորման միջնորդությունը քննարկելիս Դատարաններն արձանագրել են հիմնավոր կասկածի բացակայությունը, այլ կերպ ասած՝ Մխիթար Զաքարյանի առնչությունն իրեն մեղսագրված արարքին անգամ հիմնավոր կասկածի մակարդակում չի հիմնավորվել։
Ի՞նչ է սա, եթե ոչ քաղաքական հետապնդում։
ՀՀ Գլխավոր Դատախազություն, պարոն Դավթյան, Դուք պարզապես պարտավոր եք գործել քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում և վերացնել ակնհայտ շինծու մեղադրանքը»,- գրել է Պողոսյանը:
Նշենք, որ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրգործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 19 անձի: