Ենթադրում եմ, որ Սյունիքի ակցիաներն ուղղորդվել են ինչ-որ շրջանակների կողմից, բայց անուններ չեմ կարող հնչեցնել, քանի որ չգիտեմ․ Լիլիթ Մակունց
Սյունիքի մարզում տեղի ունեցածը, եթե ոմանք մեկնաբանում են որպես քաղաքական ակցիաներ, ես համարում եմ, որ դրանք ակցիաներ էին՝ ուղեկցված խուլիգանական դրսևորումներով։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած բողոքի ակցիաներին։
Հարցին՝ արդյոք իրապես դժգոհող քաղաքացիներ չկային նրանց մեջ, ովքեր այս պահին թշնամուց մի քանի մետրի վրա են ապրում, Մակունցը նշեց, որ դժգոհելու առիթ էլ միշտ կա։
«Ես ենթադրում եմ, որ այդ ակցիաներն ուղղորդվել են ինչ-որ շրջանակների կողմից, բայց անուններ չեմ կարող հնչեցնել, քանի որ չգիտեմ։ Ինձ մոտ կողքից այդպիսի տպավորություն է»,– ասաց նա։
Լիլիթ Մակունցը նշեց, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, որ այս երեք տարիների ընթացքում հենց իշխանություններն են բաժանարար գծեր տարել հասարակության մեջ։
Հարցին՝ արդյոք պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ կան դավաճաններ, էլ ավելի չէին խորացնում այդ բաժանարար գծերը և նպաստում նրան, որ բոլորն իրենց շրջապատում փորձեն դավաճաններ փնտրել, Մակունցը պատասխանեց․
«Ես չեմ հիշում, որ վարչապետը պատերազմի օրերին նման հայտարարություն աներ։ Բայց, եթե նույնիսկ դա ճիշտ է, կարծում եմ՝ այդ մասով կլինի քննություն և վերջնական եզրահանգումներ կանեն։
Անդրադառնալով տարածված այն տեղեկություններին, որ Մեսրոպ Առաքելյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել, որպեսզի նրա ղեկավարած «Առաքելություն» կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ դաշինքով կարողանա մասնակցել ընտրություններին, Մակունցը նշեց, որ կուսակցության վարչությունը դեռ որոշում չի կայացրել՝ դաշինքով է մասնակցելու, թե ոչ։
Խոսելով այս երեք տարիների ընթացքում իրենց իշխանության նվաճումներից և բացթողումներից, Մակունցը նշեց․ «Մեր իշխանության ամենամեծ նվաճումը համարում եմ ժողովրդավարական բարեփոխումները և ազատ քաղաքացին։ Դժվարանում եմ այս պահին նշել մեր ամենամեծ բացթողումը»։
Հարցին՝ ինչպես կմեկնաբանի առաջին նախագահի այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանն «արշավել» է Սյունիքի և առանց թույլտվության մտել Շուռնուխի բնակիչներից մեկի բնակարան, Մակունցը պատասխանեց․ «Առանց թույլտվության կարծում եմ՝ հնարավոր չէր մտնել նրանց տուն և առաջին նախագահի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը»։