ՀՀ իշխանությունները պետք է ուշադիր լինեն Թուրքիայի լարած թակարդին և դրանից բխող հետևանքներին. Ռուբեն Մելքոնյան
Իշխանությունները թող իմ խոսքերը կոչ համարեն ու ուշադիր լինեն թուրքական՝ խիստ հմտորեն լարած թակարդին և դրանից բխող այլ հետևանքներին: Այս մասին այսօր «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» խորհրդաժողովի ժամանակ ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ խոսելով Կարսի պայմանագրի կարևորության և ՀՀ իշխանության անտարբերության հետևանքով լրջագույն խնդիրների առաջացման մասին:
Նա ներկայացրեց Կարսի պայմանագրի ստորագրման ու այսօր այդ պայմանագրի հետ առնչվող, սպասվող իրադարձությունները։ Խոսելով այսօրվա Հայաստանի իշխանության պարտավորվածությունների մասին՝ նա նշեց, որ տարբեր առիթներով Թուրքիան պահանջում է, որ Հայաստանը վերաճանաչի Կարսի պայմանագիրը կամ հայտարարի հողային պահանջատիրությունից հրաժարվելու մասին, բայց Հայաստանը երբեք չի հայտարարել Կարսի պայմանագրի ճանաչման մասին: Ըստ նրա՝ այդ պայմանագիրը ստորագրվել է հայկական թույլ, պարտված իշխանության պարագայում, սակայն հիմա ևս նույն պատկերն է:
Ռուբեն Մելքոնյանը հիշեցրեց մարտին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությունը, թե թշնամու հետ սահմաններին ժամանակավոր տեղակայվում են սահմանապահներ, մինչև սահմանազատումն ու սահմանագծումը, որը տեղի կունենա միայն Ադրբեջանի և Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների հաստատումից հետո:
«Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների հաստատումը թուրքական կողմից ևս մի պահանջ է ենթադրում, այսինքն՝ Հայաստանին ինչ-որ կերպ քողարկված ներկայացվելու է Կարսի պայմանագրի ճանաչման կամ վերաճանաչման պահանջ, սա այն քողարկված վտանգն է, որը տանելու է թուրքական երկրորդ նախապայմանի իրականացմանը, իսկ Հայաստանն այս պարագայում արձանագրելու է իր պարտությունը»,-ասաց թուրքագետը: