Մեղրիի քաղաքապետի ձերբակալման իրավաչափությունը բողոքարկվել է դատարան. վաղը՝ 18։30-ին տեղի կունենա դատական նիստը
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափությունը բողոքարկվել է դատարան։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Դատախազության շենքի դիմաց հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
Նա հայտնեց, որ դատական նիստը նշանակվել է վաղը՝ 18։30-ին։ Նիստը տեղի կունենա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում։
«Դատական նիստի օր, ժամի մասին հայտնի դառնալուց հետո շատ արագ կտեղեկացնենք մեր հայրենակիցներին, որովհետեւ Մեղրիի քաղաքապետը, Սյունիքում ձերբակալված 5 տասնյակից ավելի մեր հայրենակիցները ոչ թե ենթարկվում են քրեական հետապնդման, այլ դարձել են այս հակահայ վարչակազմի գերին»,- ասաց Մանուկյանը։
Նշենք, որ այսօր դատախազության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում մի շարք քաղաքացիներ՝ ի աջակցություն սյունեցիների։
Ակցիայի մասնակիցները պահանջում են՝ ազատ արձակել Սյունիքի մի շարք համայնքապետերի ղեկավարների։ Նրանք պնդում են, որ համայնքի ղեկավարներն ապօրինի են ձերբակալվել։
Հիշեցնենք, որ խիստ գաղտնի պայմաններում Սյունիքի մարզ մեկնած Նիկոլ Փաշինյանին երեկ մարզի տարբեր քաղաքներում բնակիչները դիմավորել էին հայհոյանքներով եւ վիրավորանքերով։ Սյունեցիները պահանջել են՝ հեռանալ մարզից։
Քաջարանցիները փակել էին քաղաք մտնող ճանապարհը, այդպիսով Փաշինյանն ընդհանրապես չէր կարողացել Քաջարան մտնել։ Փաշինյանի հետ մարզ են գնացել մեծ թվով ոստիկաններ, ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատը եւ անվտանգության մեծ թվով աշխատակիցներ։ Փաշինյանը փողոցներով քայլում է մեծ թվով անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել եւ բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ, այդ թվում Մեղրի համայնքի ղեկավարը: