Չեխիան կարող է Պրահայից արտաքսել ՌԴ դեսպանատան 60 աշխատակցի. Известия
Չեխիան կարող է Պրահայից վտարել Ռուսաստանի դեսպանության «մոտ 60» աշխատակցի, եթե Ռուսաստանը մինչև հինգշաբթի ժամը 13:00-ն չորոշի Մոսկվա վերադարձնել Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչության` ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ի կողմից անցանկալի անձ հայտարարված աշխատակիցներին: Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլգանեկը Lidove Noviny թերթին տված հարցազրույցում, գրում է «Իզվեստիան»:
Ապրիլի 20-ին Չեխիայի խորհրդարանի պատգամավորները երկրի իշխանություններին խորհուրդ են տվել ավելացնել արտաքսված ռուս դիվանագետների թիվը: Պրահան պնդում է, որ 2014 թվականին զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունին ռուսական հատուկ ծառայությունների ենթադրյալ մասնակցության ապացույցները ակնհայտ են: Միևնույն ժամանակ, Չեխիան միջադեպի վերաբերյալ ապացույցներ չի ներկայացրել:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Չեխիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Յան Գամաչեկը հայտարարել էր ՌԴ դեսպանության 18 աշխատակցի արտաքսելու որոշման մասին, որոնք, նրա խոսքով, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են և առնչություն են ունեցել Վրբետիցե գյուղի զինամթերքի պահեստում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունին: Դիվանագետներին 48 ժամ էր տրվել երկրից հեռանալու համար:
ՌԴ ԱԳՆ-ն ի պատասխան բողոքի նոտա է հղել Պրահային ռուս դիվանագետներին արտաքսելու որոշման պատճառով, այնուհետև Չեխիայի դեսպանին կանչել են ԱԳՆ: