Սիրիա է մատակարարվել AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակը
Սիրիայի հյուսիսարևմտյան շրջաններ է մատակարարվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը և հավելում, որ այն մատակարարվել է Թուրքիայի հետ Բաբ ալ Հաուա անցակետով։
Գործակալությունը նշել է, որ ներմուծվել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի ընդհանուր առմամբ 54 հազար չափաբաժին, որն առաջինն է Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալների կողմից վերահսկվող Իդլիբ շրջանի համար։
Ըստ Իդլիբի առողջապահության ոլորտի ղեկավար Հոսսամ Քորայի, որը համակարգում է կորոնավիրուսի վերաբերյալ աշխատանքները՝ այս տարվա ընթացքում ևս երկու խմբաքանակ պատվաստանյութ կմատակարարվի՝ ընդհանուր 850 հազար բնակչի պատվաստելու նպատակով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, իր հերթին, հայտարարել է, որ Սիրիայում COVAX ծրագրի միջոցով պատվաստանյութերի տարածումը կսկսվի մայիսի սկզբին՝ նպատակ ունենալով մինչև տարեվերջ պատվաստել Սիրիայի բնակչության գրեթե 20 տոկոսը, կամ գրեթե 5 միլիոն մարդու՝ ինչպես կառավարության կողմից վերահսկվող տարածքներում, այնպես էլ հյուսիս-արևելքում և հյուսիս-արևմուտքում:
Հիշեցնենք, որ Թուրքիան իր վերահսկողությունն է սահմանել Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանների վրա՝ 2017 թվականին Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի միջև Աստանայի եռակողմ գործընթացի շրջանակում և վերահսկում է մարդասիրական օգնության և առևտրի ամենակարևոր տարանցիկ ուղիները՝ «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորման հետ։