Այս ամեն ինչն արվել է, որպեսզի Նիկոլը հետ կանգնի արտահերթ ընտրություններից․ Վահե Հակոբյան
Վարչապետն իրավունք չունի միջամտել կամ ցուցումներ տալ ցանկացած իրավապահ մարմնի, էլ չեմ ասում՝ քննչական մարմիններին։ Այս մասին կառավարական ամառանոցների մոտ ծավալված ցույցի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցի ավարտին իրավապահ մարմինների հետ անցկացրած խորհրդակցությանը։
«Սյունիքում կուտակված է 2 հազար ոստիկան եւ ԱԱԾ աշխատակից, այդ թվում «Ալֆա» ջոկատը, Նիկոլը վերադարձել է, բայց Սուրեն Պապիկյանը մնացել է այնտեղ։ Պապիկյանը փոքր-ինչ այլ քաղաքականություն է որդեգրել, կանչում է մարդկանց եւ հարցնում՝ քեզ ի՞նչ է պետք՝ հող, աշխատանք՝ օրինական, ապօրինի, դու ունես դա, որպեսզի երբ այդ արտահերթ ընտրությունները կայանան, ինչին ես շատ կասկածում եմ, քարոզարշավը տանեն այդպես։ Ես համոզված եմ, որ այս ամեն ինչն արվել է, որպեսզի Նիկոլը հետ կանգնի արտահերթ ընտրություններից», ասել է նա։
Վահե Հակոբյանը հավանական է համարում վարկածը, որ Փաշինյանը դիտավորյալ է գնացել Սյունիք, որպեսզի հիմք ստեղծի իրեն ու սյունեցի քաղաքապետերին ձերբակալելու համար։
«Բայց ես հակված եմ այն վարկածին, որ նրան պարզապես տարան ու գցեցին ծուղակը։ Դրան նախորդել էր նախագահի այցը։ Նախագահի աշխատակազմից նախապես զանգահարել՝ հարցրել էին՝ նախագահը կարո՞ղ է այցելել Սյունիք, եւ մարդիկ զարմանում էին՝ սա ի՞նչ երկիր, որ նախագահը ճշտում է՝ այցելի, թե՝ ոչ։ Մինչեւ այդ ՊՎԾ պետը գնաց, Սասունն էր Միքայելյան փորձում ինչ-որ մեդալներ բաժանի․․․ Կարծում եմ, որ նրան տարան, ու, ներողություն արտահայտությանս համար, էշ-էշ գցեցին այդ ծուղակի մեջ։ Իսկ Ալեն Սիմոնյանն արագ տեմպերով վարչապետ կոչվածի հետ փախավ Երեւան», ասել է Վահե Հակոբյանը եւ ավելացրել, որ Սյունիքում կուտակված ոստիկանների առաջին ռեպրեսիոն ալիքն ուղղվելու է Ագարակի եւ Մեղրիի վրա։