Արքայազն Հարին պապի հուղարկավորությունից հետո վերադարձել է ԱՄՆ` կնոջ և 2-ամյա որդու մոտ
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին, մեկ շաբաթ Մեծ Բրիտանիայում անցկացնելուց հետո, վերադարձել է Միացյալ Նահանգներ՝ կնոջ Մեգան Մարքլի և 2-ամյա որդու` Արչիի մոտ, հայտնում է է բրիտանական Daily Mail պարբերականը։
Սասեքսի 36-ամյա դուքսը «Լոնդոն Հիթրոու»-ից Ամերիկյան ավիաուղիներին պատկանող ինքնաթիռով վերադարձել է Լոս Անջելես, որտեղ արքայազնի մեքենան նկատել են Լոս Անջելեսի օդանավակայանից դուրս գալիս։
Հայտնի է, որ հակառակ նրան, որ 10-օրյա կարանտինն ԱՄՆ ժամանողների համար պարտադիր չէ այս պահին, արքայազն Հարին 10-օրյա կարանտինում կլինի։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, արքայազն Հարին մեկնել էր Մեծ Բրիտանիայի Էդինբուրգի նախկին դուքս արքայազն Ֆիլիպի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար։ Արքայազն Ֆիլիպին հուղարկավորել են Վինձորի ամրոցի Սուրբ Ջորջի մատուռում, որը գտնվում է միապետի լոնդոնյան նստավայրից ոչ շատ հեռու:
Արքայազնի մահվան մասին թագավորական ընտանիքը հայտնել էր իր թվիթերյան էջում․ «Խոր ցավով Նորին Մեծություն թագուհին տեղեկացրել է իր սիրելի ամուսնու՝ Էդինբուրգի դուքսի մահվան մասին: Նորին թագավորական մեծությունը կյանքից խաղաղ հեռացել է այսօր առավոտյան` Վինձորի ամրոցում»։
Արքայազն Ֆիլիպը, որը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ միապետի ամենաերկարակյաց կողակիցն է, մահացել է 99 տարեկանում։
Ավելի վաղ Սասեքսի դուքսը հանդիպում էր ունեցել ընտանիքի անդամների հետ, ինչը նրանց առաջին շփումն էր՝ աղմկահարույց հարցազրույցից հետ։