Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ում վթարված և 2 մարդու մահվան պատճառ դարձած Tesla-ն ինքնակառավարման ռեժիմում չի եղել
Ամերիկացի գործարար, Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ առկա տվյալների համաձայն՝ ապրիլի 17-ին ԱՄՆ-ի Տեխասի նահանգում կործանված Tesla էլեկտրամոբիլը վթարի պահին չի գտնվել ինքնակառավարման ռեժիմում։
«Այս պահին առկա տվյալների համաձայն՝ մեքենան չի եղել ինքնակառավարման ռեժիմում, ավելին՝ ավտոմեքենան լրիվ ինքնավար վարման գործառույթ չի ունեցել»,-Twitter-ում գրել է Մասկը։
Ընկերության ղեկավարը նաև նշել է, որ ավտոմեքենան ինքնակառավարման ռեժիմում վարելու համար անհրաժեշտ է որոշակի ճանապարհային գծանշում, որը փողոցում, որտեղ տեղի է ունեցել վթարը, չի եղել:
Ապրիլի 17-ին ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Տեխաս նահանգի Սպրինգ քաղաքի մոտակայքում Tesla էլեկտրական մեքենան բախվել է ծառին և բռնկվել է, ինչի հետևանքով զոհվել է երկու տղամարդ։
Հաղորդվում էր, որ մեքենան դրված է եղել ինքնակառավարման ռեժիմի վրա։
Ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր, որ ԱՄՆ իշխանությունները ներկայում հետաքննում են Tesla-ի հետ կապված մի քանի վթար, որոնք առնչվում են էլեկտրամոբիլների ինքնակառավարման ռեժիմի կիրառման հետ: