Հրվ. Կորեայում լույս աշխարհ եկած և իրարից բաժանված երկվորյակ քույրերը 36 տարի անց ԱՄՆ-ում առաջին անգամ հանդիպել են
Հարավային Կորեայում ծնված երկվորյակ քույրերը, որոնք լույս աշխարհ գալուց հետո որդեգրվել և մեծացել են ԱՄՆ-ում բնակվող տարբեր ընտանիքներում, 36 տարի անց վերագտել են իրար, հայտնում է Good Morning America-ն։
Հայտնի չէ, թե ինչու են աղջիկները որդեգրման հանձնվել Միացյալ Նահանգներ, սակայն քույրերը զարմացել են, երբ իմացել են, որ երկվորյակ են։ Նրանցից Մոլի Սիներթը որդեգրվել է Ֆլորիդայում ապրող մի ընտանիքի, իսկ Էմիլի Բուշնելը` Փենսիլվանիայում ապրող ընտանիքի կողմից։
Քույրերը միմյանց գտել են Բուշնելի 11-ամյա դստեր՝ Իզաբելի շնորհիվ, որը, իմանալով, որ մայրը որդեգիր է, նրան ստիպել է ԴՆԹ թեստ անել և պարզել` արդյոք կենսաբանական հարազատներ ունի։
«Ես ցանակացա, որ նա ԴՆԹ թեստ անի, քանի որ որդեգիր է։ Ես ցանկանում էի իմանալ՝ արդյոք նրա կողմից ընտանիքի այլ անդամներ ունե՞մ, թե՞ ոչ», - ասել է Իզաբելը։
Միևնույն ժամանակ երջանիկ պատահականությամբ ԴՆԹ թեստ է արել Մոլի Սիներթը, որը մերձավոր ազգական փնտրելիս գտել է Էմիլիի դստերը՝ Իզաբելին, սակայն նա երբեք երեխաներ չի ունեցել և 49,96 տոկոս համընկնումը զարմացրել է նրան։
Այսպիսով քույրերը, առաջնորդվելով իրենց հարազատին գտնելու ցանկությամբ, վերագտել են իրար և կապվել միմյանց հետ։
Շփման ընթացքում քույրերը պարզել են, որ երկուսն էլ տանը կատու են պահում, երկուսն էլ դպրոցի ավարտական երեկույթին միանման հագուստ են կրել։
«Սա հավանաբար երկվորյակներին հատուկ երևույթներից է, որոնք մենք բացահայտելու ենք», - ասել է Բուշնելը։
Երկվորյակ քույրերն իրենց առաջին դեմ առ դեմ հանդիպումը հետաձգել են և այն կազմակերպել մարտի 29-ին՝ իրենց 36-ամյակին: